Ինչո՞ւ անցած երկու տարվա ընթացքում Տավուշի սահմանազատված գյուղերում բնակարանաշինության պետական ծրագրով հատուկենտ տներ կառուցվեցին։ Ոսկեպարցիներն ասում են՝ սահմանազատման ընթացքում շատ բան անորոշ էր, ռիսկի չեն դիմել։ Հետո արդեն պարզվել է, որ չեն կարող պետական 16 միլիոն դրամով նոր տուն կառուցել, գյուղում ազատ հողատարածքներ չկան, ծրագիրն էլ ավարտված է։
«Գյուղի էն կողմն ադրբեջանական սահման է, էս կողմն ադրբեջանական սահման է, որտե՞ղ պիտի սարքեին, պիտի հող լինի, որ սարքեն։ Գյուղում սահմանազատում և այլն… ժողովուրդը տենց բաներից վախեցել է, դրա համար նոր են սկսել մտածել այդ հարցով», - նկատում է տեղացիներից մեկը։
Դեռ երկու տարի առաջ կառավարությունը 16 միլիոն դրամ էր խոստացել Հայաստանի սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար։ Պաշտոնական տվյալներով արդեն 2000 տուն կառուցվել է, կամ շինարարությունն ընթացքի մեջ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունում բնակարանաշինության հարցով քննարկումներ կան. Գնել Սանոսյան
Տավուշի մարզում ակտիվ գյուղեր եղել են։ Օրինակ՝ Այգեհովիտում 160 տուն է կառուցվում։ Մինչդեռ Ոսկեպարում, որտեղ անցած ամիս ավարտվեց սահմանազատումը, այս պահին ընդամենը 3 տուն է կառուցվում։ Եվս 3-ը փաստաթղթավորման փուլում են։ Բայց, ավելի քան չորս տասնյակ ընտանիք դիմել է տեղի իշխանություններին, դրական պատասխան չի ստացել։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում էր։ Ոսկեպարում գյուղացիները պետական միջոցներով տուն կառուցելու իրենց ձախողված մտադրությունների մասին հարց տվեցին։ Ասաց՝ մեղքը ձերն է։
Կառավարության երկու տարի առաջ հաստատված ծրագրով սահմանամերձ գյուղերում տուն կարող էին կառուցել հայաստանցի երիտասարդ ընտանիքները։ Սահմանամերձի բնակիչ լինելը պարտադիր պայման չէր։ Անգամ ամուսիններից միայն մեկը կարող էր Հայաստանի քաղաքացի լինել։ Ըստ կառավարության որոշման՝ ծրագրի հիմնական նպատակն էր «աջակցել ընտանիքներին բնակություն հաստատել իրենց նախընտրած սահմանամերձ բնակավայրում և կառուցվող բնակելի տանը՝ խթանելով գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն աղաչեց, սահմանամերձ գյուղերում տուն կառուցողների թիվը չաճեց․ բնակիչները խնդիրներից են խոսում
Տեղացիները դժգոհ են՝ շատերը դրսից եկան, ծրագրի շահառու դարձան, իրենք՝ ոչ։
«Երևանցին գալիս է, առնում, սարքում սահմանամերձ գյուղում, սահմանին ապրողը չի կարում սարքի», - նշել է մեկ այլ բնակիչ։
Դիլիջանցի Արմեն Բարսեղյանը Ոսկեպարում ծրագրի շահառուներից մեկն է։ Ռուսաստանից վերադարձած եղբոր հետ իրենց հայրական տան տեղում նորն են կառուցում։ Ասում են՝ տարեսկզբին դիմել են, կառավարությունից ստացել 16 միլիոն դրամի համաձայնությունն ու սկսել շինարարությունը։
«Մենք էլ եթե էդ բաներին հավատայինք, չէինք սկսի, գյուղում առաջինը մենք ենք սկսել», - ասում է նա։
Կշարունակվի՞ բնակարանաշինության ծրագիրը, թե՞ ոչ, անորոշ է. Ոսկեպարում գյուղացիների հետ հանդիպմանը երկրի ղեկավարն ասել էր՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերում արդեն եղածը կուսումնասիրեն, հետո կորոշեն։
Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Մհեր Աղամյանն «Ազատությանն» ասաց՝ իրենց դիմած 45 ոսկեպարցիների դիմումները կառավարություն են հասցրել, համայնքի պահուստային հողերից առանձնացրել ու գործընթաց են սկսել դրանց կարգավիճակը գյուղատնտեսականից կառուցապատման դարձնելու ուղղությամբ։
«Գյուղի պահուստային հողերից ներկայացրել ենք փաթեթ կառավարություն, որպեսզի հողի կատեգորիան փոխվի տնամերձի, և մարդկանց տրամադրվեն այդ հողամասերը, և կարողանան այդ բնակարանաշինության ծրագրից օգտվել», - ասաց նա։
Արդյոք դրանից հետո հնարավոր կլինի Ոսկեպարում նոր տների քանակն ավելացնել՝ հայտնի չէ։