Որքան էլ Ֆրանսիայում փոխվի իշխանությունը, լինի դա ձախ, թե աջ, Հայաստանին աջակցությունը մնում է մշտական, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրոպական հարցերի և Եվրոպայի հայտնի փորձագետ, France 24-ի խմբագիր Արմեն Ջորջյանը։
Նրա համոզմամբ, Հայաստանի նկատմամբ կա բոլոր կողմերից համակրանք, սկսած ծայրահեղ աջից՝ Մարին Լը Պենից, մինչև Ժան-Լյուկ Մելանշոնի ծայրահեղ ձախ կուսակցություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի նոր կառավարության կազմում երեք հայազգի նախարար կա«Այսպիսով, դուք ունեք բոլոր կուսակցությունների աջակցությունը։ Ունեք Էմանյուել Մակրոն, ով, հավանաբար, այժմ փոքր-ինչ թուլացած է եվրոպական մակարդակով, քանի որ նրա կուսակցությունը այնքան էլ լավ արդյունք չգրանցեց հուլիսին կայացած օրենսդրական ընտրություններում, բայց նա շարունակում է ղեկավարել Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը: Այսպիսով, վստահ եմ, որ նա առաջ է քաշելու այդ գործը, որպեսզի աջակցի Հայաստանին ԵՄ մակարդակով, որովհետև իրականում նա է մասնակցում ԵՄ գագաթնաժողովներին, այլ ոչ թե Ֆրանսիայի վարչապետը», - ասաց Ջորջյանը։
Փորձագետի խոսքով, սակայն, ԵՄ-ն այսօր մեծապես կենտրոնացած է ԵՄ մրցունակության, էներգետիկ անկախության, Ուկրաինային աջակցելու վրա, իսկ Արևելյան գործընկերությունը, որին այս պահին դեռևս մաս է կազմում Հայաստանը, բավականին ցածր տեղ է զբաղեցնում առաջնահերթությունների ցանկում։
«Բայց ես ենթադրում եմ, որ Հայաստանը կարող է քիչ թե շատ ապավինել Մակրոնին, որ նա կբարձրացնի այս հարցը, այն կմտցնի Հայաստանի հարցը օրակարգ կամ կխնդրի Եվրոպական խորհրդին դա անել», - ասաց Ջորջյանը։
Անցած տարվա հոկտեմբերին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջև ունեցած ելույթում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ և պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Իսկ այսօր Երևանում քննարկումներ են ընթանում Հայաստանի՝ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկում է վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ՀՀ պաշտոնական երկխոսությունըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերին կհաստատվի ՀՀ-ԵՄ ընդլայնման ժամանակացույցը․ Սիյարտո