«Ոլորտը զարգացած չէ»․ արդյո՞ք կառավարությունն արմատական լուծումների կգնա գյուղում աշխատելը գրավիչ դարձնելու համար

Անասնաֆերմա Վայոց ձորի մարզում, արխիվ

Վանաձորցի 16-ամյա Դավիթը մերժել է շրջապատի ժամանակակից մասնագիտություններ ընտրելու հորդորներն ու կտրուկ որոշում ընդունել՝ գյուղատնտես կդառնա։

«Հողի հետ շփումն ինձ հանգստացնում է, բնությունը, խաղաղությունը, որ ավտոների ձայներից հեռու ես գտնվում, արթնանում ես ոչ թե ավտոյի ձայնի տակ, այլ՝ աքլորի», - «Ազատության»-ն ասաց Դավիթը։

Սպիտակցի Լաուրան կաթի վերամշակման տեխնոլոգի մասնագիտությունն է ընտրել։ Ասում է՝ գյուղում կապրի, թե ոչ, դեռ չգիտի, բայց որ գյուղին ու գյուղացիներին օգուտ կտա, իր սրտով է, կասկած չունի, անգամ եթե կողքից իր որոշումն ընդունողները քիչ են։

«Բոլորը հիմնականում ընտրել են ժամանակակից մասնագիտություններ, բարեկամներից միայն ես եմ, որ ընտրել եմ այսպիսի մասնագիտություն, սիրելով եմ ըտրել, բոլորը հումորով են մոտենում էս հարցին, բայց ես ուշադրություն չեմ դարձնում», - ասաց Լաուրան։

Հայաստանում քչերն են ձգտում գյուղատնտեսական մասնագիտությունների գնալ՝ անասնաբույժ, անասնաբույծ կամ այգեգործ դառնալ։

Լոլիկի ջերմոց Հայաստանում, արխիվ

Չնայած Հայաստանի ագրարային համալսարանում ու գյուղատնտեսական քոլեջներում ոչ միայն անվճար տեղեր կան ու պետությունն անգամ բարձր կրթաթոշակ է սահմանել ուսանողների համար, բայց գյուղն ու գյուղում աշխատելու հնարավորությունները դեռ գրավիչ չեն երիտասարդների համար։

Կառավարությունը վերջին նիստերից մեկում հաստատել է պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը։ Գյուղատնտեսական, շինարարական ու արդյունաբերական ոլորտի մասնագիտություններով քոլեջներ ընդունվածների համար բարձր կրթաթոշակ սահմանել՝ ամսական 50 հազար դրամ։

Ինչո՞ւ անգամ պետության ու միջազգային կառույցների մեծ ներդրումներից հետո դեռ թափուր են մնում այս մասնագիտությունների գծով տեղերը՝ թե՛ բուհերում, թե՛ քոլեջներում։ Մասնագետներն ասում են՝ ոլորտը Հայաստանում զարգացած չէ։

Կոսմետիկ լուծումներից արմատական լուծումների կգնա՞ արդյոք պետությունը, դեռ մասնագետներին հստակ չի երևում։

Մանրամասները՝ տեսանյութում