Սունդուկյան թատրոնի անվանման մեջ դրամատիկական, պետական բառերը չկան։ Օպերային թատրոնն էլ ոչ ժողովրդական է, ոչ էլ դրամատիկական, բայց մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարարն այդպես է հնչեցնում, և ըստ նրա՝ այդ երկարաշունչ անվանումներում պետական բառն ուշանում է:
Անվանումները ճիշտ չեն՝ փոխնախարարին խորհրդարանական քննարկման ժամանակ ուղղում է պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Անվանումները կարևոր են, որովհետև իշխանությունը նոր առաջարկ ունի. ոչ թե ազգային ակադեմիական, այլ պետական թատրոն, ոչ թե օպերայի և բալետի ազգային, այլ պետական թատրոն, ոչ թե ազգային, այլ պետական պատկերասրահ և այսպես շարունակ:
«Արժեքավորելով պետությունը, պետականությունը և պետական արժեքները, մենք առաջարկում ենք, որպեսզի օրենքի մեջ փոփոխություն լինի և ազգային բառը փոխարինվի պետական բառով», - նշեց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:
«Ազգայինը պետության թշնամին չէ, մի հակադրեք»
Ընդդիմադիր պատգամավորներից Լիլիթ Գալստյանը համաձայն չէ՝ 2011 թվականին իր ներկայացրած նախագիծն է օրենք դարձել, որով համազգային ու համապետական բացառիկ գործ անող մշակութային կազմակերպություններին Ազգային կարգավիճակ է շնորհվում կառավարության որոշմամբ։ Ընդ որում՝ ազգայինի կարգավիճակ ստանում է տվյալ ոլորտը ներկայացնող միայն մեկ կազմակերպություն։ Օրինակ՝ տիկնիկայիններից ազգային է միայն Թումանյանի անվան թատրոնը, թատրոններից ազգային է միայն Սունդուկյանը, երգչախմբերից՝ Հովհաննես Չեքիջյանինը։
«Կարգավիճակը մեկ այլ բան է, կազմակերպական իրավական ձևը՝ մեկ այլ, հիմա դուք այդ շփոթն այստեղ ներկայացրեցիք», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Բազմաթիվ պետական ՊՈԱԿ-ներ կան, ազգայինը դրանցից բացառիկներին տրվող կարգավիճակ է, բացատրում է Գալստյանը։
Ազգայինը պետության թշնամին չէ, մի հակադրեք. Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ ազգային հաստատությունների անվանումներից այդ բառը պետականով փոխարինելը մի բան է նշանակում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հակակրանք ունի ազգայինի հանդեպ:
«Պետությունն է բարձրագույն արժեք»
«Տիկին Գալստյանի հայտարարությունը երևի այն է, որ մենք բոլոր ազգային բառերը փոխում ենք պետական բառերով, և դա հետևողական քաղաքականություն է: Ես ուզում եմ վերահաստատել, որ այդպիսի միտում կա մեզ մոտ, մենք «ազգային» բառերը փոխում ենք «պետական» բառերով, որովհետև բառարանային հարցերով շփոթի հարց է առաջանում: Պետականն ավելի ճշգրիտ է արտահայտում այն, ինչ մենք ուզում ենք արտահայտել», - ասաց ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Այո, պետությունն է բարձրագույն արժեք՝ կուսակից Թագուհի Ղազարյանին շարունակեց Մշակույթի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը. հանձնաժողովականների մեծամասնության կողմ ձայներով այս փոփոխությունը Ազգային ժողովի առաջիկա նիստի օրակարգ մտավ. եթե այն օրենք դառնա՝ ազգային թատրոն, օպերա, գրադարան ու երգչախումբ -նվագախումբ ազգային չեն լինի, այլ պետական:
«Պետական բառից մենք համենայն դեպս ոչ թե վախենում ենք կամ խուսափում ենք, այլ մենք ամեն ինչ անում ենք, որ պետական ունենանք, պետություն ունենք», - ասաց Գաբրիելյանը:
«Չեն հասկանում ինչ են անում»
«Չեն հասկանում ինչ են անում», - տարակուսում է Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ի դեպ, մեկ տարի էլ չկա, որ այս թատրոնը ազգայինի կարգավիճակ է ստացել, թեպետ 90 տարվա պատմություն ունի:
«Մենք էլ հազար ու մի բան չենք հասկանում, բայց երբ որ ինչ-որ մի բան չես հասկանում, պետք է խորհրդակցել մարդկանց հետ, որոնք հասկանում են դա», - նշեց Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Մշակույթի ազգային հաստատություններ աշխարհի բազմաթիվ երկրներում կան, դա, ըստ Ռուբեն Բաբայանի, պետության բրենդն է:
Բաբայանը հույս ունի նախագծի հեղինակների հետ քննարկում, այնուամենայնիվ, կլինի, եթե՝ ոչ, ուրեմն թող Ազգային ժողովն էլ պետական ժողով դարձնեն: