Ցայժմ Միացյալ Նահանգները կենտրոնացած էր մահմեդական ծայրահեղականների դեմ պայքարի վրա, սակայն հիմա նախագահ Բարաք Օբաման որոշել է, որ ժամանակն է արծարծել հարցի գաղափարական կողմը․ դա է, որ երիտասարդներին դարձնում է խոցելի ու ծայրահեղականացված:
Օբամային քննադատել էին «ծայրահեղական» բառին կից որպես ածական «մահմեդական» բառը չօգտագործելու համար, ինչին ԱՄՆ-ի նախագահը իր ելույթում այսպես է պատասխանել․ - «Մենք մահմեդականության դեմ պատերազմի մեջ չենք»:
Շարքային ամերիկացիները զարհուրել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իրականացված բռնությունների տեսարաններից, ընդ որում՝ ծայրահեղականներից ոմանք հավաքագրվել էին Մինեապոլիսում գտնվող մահմեդական համայնքներից:
Նման համայնքներում օգտագործելով առկա աղքատությունը, խտրականությունը, կրթության պակասը և այլ խնդիրներ՝ ծայրահեղականները, օգտվելով սոցիալական ցանցերից, շահագործում են մարդկանց դյուրահավատությունը:
Նախագահ Օբաման Սպիտակ տուն էր հրավիրել կրոնական առաջնորդներին, ոստիկանության ղեկավարներին՝ հասկանալու այդ ամենի պատճառներն ու դրանց արմատները:
«Եթե մենք պատրաստվում ենք խանգարել ծայրահեղականներին իրենց շարքերում երիտասարդների ներգրավել, եթե ցանկանում ենք ձայն բարձրացնել ի պաշտպանություն մահմեդական համայնքում հանդուրժողականության ու բազմակարծության, պետք է ընդգծենք, որ գործը դժվարացել է մահմեդականության շրջանում այն լայնորեն տարածված կարծիքով, որ Արևմուտքը մահմեդականության հետ որոշ չափով օտարոտի է», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Նպատակ է դրվել նոր ծրագրեր մշակել, որոնք կփոխեն այս թյուրընկալումը: Մինեապոլիսի շրջանում առաջնային ծրագրերը արդեն գործարկվել են՝ առաջ բերելով ավելի զուսպ կրոնական առաջնորդների, որոնցից մի քանիսը ներկա էին վեհաժողովին:
Նրանցից Աբդիսալամ Ադամը, մասնավորապես, հայտարարել է․ - «Հավատում ենք մարդկանց իրավունքներին՝ ապրելու խաղաղաղությամբ ու անվտանգության պայմաններում: Մահմեդական առաջնորդները պետք է դատապարտեն և պախարակեն յուրաքանչյուրին, ով կփորձի կրոնը օգտագործել՝ օգնելու ահաբեկչությանը»: