ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը Նյու Յորքում մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:
Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին:
«Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին», - ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման վայրի մասին մանրամասներ Կառավարության լրատվականը չի փոխանցում։ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հանդիպման մասին միայն հայտնել է, որ այն տեղի է ունեցել «Թուրքիայի տանը», և որ Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը՝ ստորագրությամբ։
Ըստ հրապարակված լուսանկարների՝ հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, թուրքական կողմից՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու Հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Փաշինյանն ու Էրդողանն առաջին անգամ հանդիպել են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Երկու երկրների առաջնորդները Չեխիայում էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։ 2023-ի հունիսին Հայաստանի վարչապետը մեկնեց Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նյու Յորքում սպասվում է Փաշինյան-Էրդողան հանդիպում. թուրքական ԶԼՄ-ներ