Նոյեմբերին, ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում, կհաստատվի Հայաստան-Եվրամիություն ընդլայնման ժամանակացույցը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ նշելով նաև որ նախօրեին սկսվել է վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը։
Սիյարտոն նաև ընդգծել է, որ շուտով կստեղծվի համատեղ տնտեսական կոմիտե, կմեկնարկի համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում։
«Եվրամիությունում մեր նախագահության ընթացքում Հայաստանը ստացել է 10 միլիոն օգնություն Եվրոպական խաղաղության շրջանակից», - գրել է Հունգարիայի արտգործնախարարը, նաև տեղեկացնելով, որ Հայաստանն ու Հունգարիան դեսպանություններ կբացեն Երևանում և Բուդապեշտում։
Սիարտոն Երևանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։
Օրերս Հայաստան էր ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը՝ մեկնարկելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունում նշվեց, որ գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով վիզաների պահանջի ավտոմատ չեղարկում: Եվրահանձնաժողովը շեշտեց, որ Հայաստանի հետ այս երկխոսությունը տարիներ է տևելու, այդ ընթացքում վերահսկվելու են բարեփոխումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկում է վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ՀՀ պաշտոնական երկխոսությունը