Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է մասնակացելու COP-ի 29-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Բաքվում։
Ալիևի հրավեր-նամակը Փեզեշքիանին փոխանցել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը երեկ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։
Ասադովն Իրանում էր՝ մասնակցելու Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։
Ադրբեջանի կառավարության ղեկավարն Իրանի նախագահին է փոխանցել նաև Ալիևի շնորհավորանքները նախագահի լիազորությունները ստանձնելու կապակցությամբ։
Ադրբեջանը Հայաստանին ևս հրավիրել է՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միայն փոխանցում է՝ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»:
COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի նստաշրջանն է։ Նախորդ դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի COP-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Անցած ամիս ադրբեջանական մեդիա-տիրույթում տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքու է մեկնելու Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան Հայաստանի վարչապետի խոսնակն ասել էր, թե Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի COP29-ը հրաշալի շանս է հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Ամիրբեկով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կմեկնի՞ Բաքու Արարատ Միրզոյանը. COP29-ին մասնակցելու հրավերը Հայաստանի արտգործնախարարին են ուղարկել