Նովոսիբիրսկում օգոստոսի 14-ից 16-ը ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ կանցկացվեն։
«Կոբալտ-2024» զորավարժությունները տեղի կունենան Ռոսգվարդիայի ուսումնական կենտրոնում, դրանց կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչները:
Նշվում է, որ Հայաստանն այդ զորավարժություններին մասնակիցներ չի ուղարկելու։
Զորավարժությունների նպատակն է բարելավել հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը։
Հատուկ ջոկատայինները կփորձեն գրոհել շենք, մեքենա, ինչպես նաև ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ազատել պատանդներին և վնասազերծել գրոհայիններին, ասված է հաղորդագրությունում։
Հայկական կողմը դեռ չի արձագանքել հաղորդմանը։ Երևանը վերջին շրջանում բոյկոտում է ՀԱՊԿ միջոցառումները։ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ՀԱՊԿ անդամակցության հարցում պետք է վերջնական վճիռ կայացնի. Տասմագամբետով