Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2024» զորավարժությունները։
Զորավարժությունները տեղի են ունենում Ռոսգվարդիայի ուսումնական կենտրոնում, մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչները: Հայաստանը չի մասնակցում զորավարծություններին։
Զորավարժությունների պաշտոնական բացման արարողության ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը վստահություն է հայտնել, որ «Կոբալտ-2024»-ը կանցկացվի բարձր մակարդակով և հավաքական անվտանգության ամրապնդման գործում լուրջ ներդրում կունենա։
«Այսօր թե՛ աշխարհում, թե՛ մեր կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը լարված է ու բարդ։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի գործել և մասնակցել ցանկացած տարածաշրջանի անվտանգության ապահովմանը», - ասել է Սեմերիկովը։
«Իրենց պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար միավորված ՀԱՊԿ երկրներն ունեն ընդհանուր պատմություն, բարեկամության և միասնության օրինակ են», իր հերթին, հայտարարել է Ռուսաստանի Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության Սիբիրյան շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Մարկովը։
Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում միջգերատեսչական խմբերը, մասնավորապես, կմշակեն ուժերի և միջոցների կիրառման նոր ձևեր, մեթոդներ, կփորձարկեն զենքի նոր տեսակներ, փորձի փոխանակում կիրականացվի, կբարելավեն հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը։
Զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 16-ին։
Սեպտեմբերի 3-ից 15-ն էլ Ղրղըզստանում կկայանան «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները: Հայաստանը չի մասնակցի նաև այս զորավարժություններին։
Երևանը վերջին շրջանում բոյկոտում է ՀԱՊԿ միջոցառումները։ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն առաջիկա մեկ ամսում բաց կթողնի ՀԱՊԿ-ի միանգամից երկու զորավարժություն