Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցները վերսկսել են բողոքի ցույցերը և դատապարտում են իրենց առաջնորդ Քրիստիան Տենին ու նրա զինակիցներին ձերբակալելու և Ֆրանսիա արտահանձնելու դեմ:
Այսօր Նոր Կալեդոնիայում ցուցարարները կրկին փակում են ճանապարհները և այրում են ոստիկանական մեքենաները։ Նրանք հրդեհել են հյուսիսային համայնքներից մեկում գտնվող քաղաքապետարանը, իսկ հարավայիններից մեկում ավերել են մի շարք շինություններ և տարածքներ:
Անցած շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, Նոր Կալեդոնիայից Ֆրանսիա են ուղարկել անկախության շարժման լիդերներից Տային և նրա ևս վեց զինակիցներին:
«Նրանք ընդամենը խաղաղ ցույցեր են կազմակերպել», - պնդել է «Կալեդոնիայի միություն» կուսակցության ղեկավար Դանիել Գոան, ով հերքել է դատախազի հայտարարությունն, ըստ որի ձերբակալվածները բռնի գործողություններ են կազմակերպել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել է Նոր Կալեդոնիայի անկախականների առաջնորդըԲողոքի ցույցերը Նոր Կալեդոնիայում սկսվել են մայիսին՝ ի պատասխան ֆրանսիացի պատգամավորների՝ Սահմանադրությունը փոփոխելու առաջարկին, որը թույլ կտա բոլորին, ովքեր ավելի քան տասը տարի բնակվել են Նոր Կալեդոնիայում, քվեարկել տեղական ընտրություններում:
Փոփոխությունների հակառակորդները մտավախություն ունեն, թե դրա հետևանքով տեղացիների իրավունքները և հնարավորությունները կսահմանափակվեն:
Բնիկները՝ կանակները, Նոր Կալեդոնիայի բնակչության մոտ 40 տոկոսն են կազմում: Նրանք ենթադրում են, որ Սահմանադրության լրամշակումը ձեռնտու է միայն ֆրանսամետ բնակիչներին:
Բողոքի ցույցերը Նոր Կալեդոնիայում վերաճել էին անկարգությունների ու բախումների՝ Ֆրանսիային հավատարիմ շրջանակների և անկախության ջատագովների միջև:
Անկարգությունների ընթացքում թալանվել և հրկիզվել են խանութներ, պահեստներ, գազալցակայաններ, բազմաթիվ մասնավոր ընկերության գրասենյակներ։ 7 մարդ սպանվել է:
Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 280 ցուցարարի։ Ֆրանսիան զորք է ուղարկել կղզի։ Բողոքի ցույցերի սկսվելուց անմիջապես հետո նախագահ Էմանյուել Մակրոնն այցելել է Նոր Կալեդոնիա։ Այցի ընթացքում նա, ի թիվս այլ հարցերի, հանդիպել է Տաինի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը մեկնում է Նոր ԿալեդոնիաԱվելի քան մեկ ամիս տևած բողոքի ակցիաներից հետո Նոր Կալեդոնիայի ֆրանսամետ քաղաքական գործիչները հայտարարել են, թե տեղական ձեռնարկությունների մեկ երրորդը ոչնչացվել է և Մակրոնին դիմել են՝ հսկողության տակ վերցնել կղզին:
Նոր Կալեդոնիան 1853 թվականին է դարձել ֆրանսիական գաղութ, 1946 թվականին ստացել է Ֆրանսիայի անդրծովյան տարածքի կարգավիճակ։ 1998 թվականի համաձայնագրով Նոր Կալեդոնիային տրվել են ավելի մեծ ինքնավարություն և անկախության երեք հանրաքվե անցկացնելու իրավունք։
Դրանք տեղի են ունեցել 2018, 2020 և 2021 թվականներին։ Առաջին երկուսի արդյունքներով անկախության հակառակորդները հաղթել են փոքր տարբերությամբ։ Երրորդ հանրաքվեն, որում տարածքի ներկայիս կարգավիճակի պահպանմանն արդեն աջակցում էր մասնակիցների 9 տոկոսը, կանակները բոյկոտել են COVID-19 համաճարակի պատճառով։
Ֆրանսիան մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում ցույցերին աջակցելու համար: Լրատվամիջոցները տարածել են ադրբեջանական դրոշներ պարզած ցուցարարների լուսանկարները: Բաքուն մեղադրանքներն անվանել է վիրավորական և անհիմն, թեպետ փաստերը վկայում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը կապեր է հաստատել Նոր Կալեդոնիայի ներկայացուցիչների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր Կալեդոնիայից հետո Ադրբեջանը սկսել է մտահոգվել նաև Ֆրանսիական Պոլինեզիայի ճակատագրով»․ «Թուրան»