Ուժգին պայթյուններ են որոտացել Բեյրութի հարավային արվարձաններում՝ միջազգային օդանավակայանի մոտ։
AFP գործակալությունը, վկայակոչելով «Հեզբոլա»-ին մոտ կանգնած աղբյուրները, գրում է, որ կեսգիշերից հետո իսրայելական բանակն առնվազն 11 հարված է հասցրել «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքին։
Իսրայելցի պաշտոնյաներից մեկն էլ CNN-ին ասել է, որ ավիահարվածների թիրախը եղել է Հաշեմ Սաֆի ադ-Դինը, ով կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունից հետո ընտրվեց «Հեզբոլա»-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
The New York Times-ը, վկայակոչելով իսրայելցի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնում է, որ Հաշեմ Սաֆի ալ-Դինին մասնակցել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բունկերում «Հեզբոլա»-ի առաջնորդների հանդիպմանը: Ըստ հրատարակության աղբյուրների՝ այս բունկերն էլ հենց եղել է իսրայելական բանակի թիրախը։
Հարվածների արդյունքների մասին դեռևս հաղորդումներ չկան։
Հասան Նասրալլան Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» զինված խմբավորման և քաղաքական կուսակցության երկարամյա ղեկավարն էր։ Նա սպանվել է սեպտեմբերի 27-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին Իսրայելի հասցրած մասշտաբային հարվածների հետևանքով։ «Հեզբոլա»-ն ղեկավարելու ավելի քան 30 տարիների ընթացքում 64-ամյա հոգևորականը դարձել էր Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ և ամենահակասական գործիչներից մեկը: ԱՄՆ-ն «Հեզբոլա»-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, թեև Եվրամիությունը միայն դրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում:
Լիբանանի դեմ Իսրայելի վերջին մի քանի շաբաթվա ավերիչ գործողությունների հետևանքով ավելի քան 1100 մարդ է զոհվել, շուրջ 1 միլիոն 2 հարյուր հազար մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը, տեղահանվել է՝ հիմնականում հարավային շրջաններից։ Տասնյակ հազարավոր մարդիկ ապաստանել են Բեյրութում, որտեղ դպրոցները, համալսարանները, մզկիթները և նույնիսկ ֆուտբոլի մարզադաշտերը վերածվել են ժամանակավոր կացարանների։ Այդուհանդերձ ոչ բոլորին է ապաստան հասել․ հազարավոր փախստականներ մի քանի օր է արդեն՝ գիշերում են բաց երկնքի տակ՝ Բեյրութի փողոցներում, լողափերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեյրութի կենտրոնին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ