Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված և ծանոթացել Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ պատասխանատուները զեկուցել են, որ արդիականացված ճանապարհը շահագործման կհանձնվի արդեն այս ամսվա ընթացքում:
Հաջորդիվ վարչապետին են ներկայացվել Կիրանցի նոր ճանապարհի կառուցման աշխատանքները, որոնք ևս ակտիվորեն ընթացքի մեջ են և աշխատանքներն ավարտին կհասցվեն մոտ ժամանակներս:
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր շրջանցիկ ճանապարհի մոտից կարճ տեսանյութ էր տեղադրել նշելով, որ «Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի»:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներին:
«Տավուշի մարզում հեղեղումների հետևանքով վթարվել էր Խաշթառակի կամուրջը: Մինչ վերջինիս վերակառուցման աշխատանքներն սկսելը՝ ներկայումս կառուցվում է ժամանակավոր կամուրջ, որը կապահովի մուտք դեպի Խաշթառակ: Վարչապետը ծանոթացել է վերոնշյալ, ինչպես նաև Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում հեղեղումներից փլուզված հատվածների վերակառուցման աշխատանքների ընթացքին», - նշված է հաղորդագրությունում:
Սահմանազատումից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, ադրբեջանական կողմին է անցնում, մայիսի 20-ից մեկնարկել է հարակից Աճարկուտ բնակավայրով անցնող ճանապարհի կառուցման աշխատանքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է. վարչապետի աշխատակազմից հաստատում են- Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
- Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
- Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի: