Նոր անօդաչուները խթանում են Ռուսաստանի առաջխաղացումը Ուկրաինայի մարտադաշտում

Ուկրաինացի զինծառայողը պատրաստվում անօդաչու թռչող սարք արձակել Դոնեցկի շրջանի Ավդիիվկայի մերձակայքում

Մինչ վերջին շաբաթներին ռուսական ուժերն ակտիվացրել են իրենց գրոհները Ուկրաինայի արևելքում, նրանց առաջխաղացմանը մարտի դաշտում օգնում է նոր գործիք՝ անօդաչու թռչող սարքերը, որոնք ղեկավարվում են օպտիկամանրաթելային մալուխների միջոցով:

«Օպտիկամանրաթելային FPV [first-person view՝ առաջին դեմքից դիտում. - խմբ.]0 անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միանշանակ նոր մարտահրավերներ է ստեղծում մարտի դաշտում», - ասում է «Պոմստա» բրիգադի «Ֆենիքս» մարտական ծածկանունով սահմանապահը։ «Ազատություն» ռադիոկայանը համաձայնել է այս նյութում ներկայացնել նրան և մյուս զինվորներին ծածկանուններով կամ անուններով՝ առանձց ազգանունների, համաձայն ուկրաինացի զինվորականների կողմից սահմանված կանոնների:

Ի տարբերություն ստանդարտ FPV անօդաչու թռչող սարքերի, որոնք օպերատորի կողմից ղեկավարվում են անլար տեսակապի օգնությամբ, օպտիկամանրաթելային մալուխների օգտագործումը թույլ է տալիս անօդաչուներին աշխատել առանց ռադիոազդանշանների: Սա անօդաչուները պակաս խոցելի է դարձնում էլեկտրոնային խլացումների նկատմամբ, քանի որ դրանք ֆիզիկապես կապված են մնում իրենց օպերատորների հետ մինչև 15 կիլոմետր երկարությամբ բարակ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով, որը ձկնորսական կարթաթել է հիշեցնում:

Ռուսական օպտիկամանրաթելային դրոնը գործողության մեջ

Մինչ ուկրաինական ուժերը դժվարությունների են բախվում Արևմուտքի կողմից սպառազինության մատակարարումների նվազման և ռուսական ուժերի թվային առավելության պայմաններում, մոդիֆիկացված անօդաչու սարքերը մարտավարության նոր փոփոխություն են մտցնում Ուկրաինայի մարտադաշտում: Ե՛վ Կիևի, և՛ Մոսկվայի կողմից մարտերն ավելի սաստիկ բնույթ են ստանում, քանի որ պատերազմը կարծես նոր, կարևոր փուլ է մտնում․ հունվարի 20-ին պաշտոնն է ստանձնում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, ով խոստացել է արագ ավարտել պատերազմը։

Հաղորդվում է, որ նոր անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են ամառվանից, սակայն երկրի ողջ տարածքում տեղակայված ուկրաինացի զինվորներն «Ազատություն» ռադիոկայանին պատմում են, որ Մոսկվայի համար դրանք դառնում են մարտի դաշտում ռազմավարության մեխը, մինչ ռուսական ուժերն ավելի ու ավելի շատ տարածքներ են գրավում Ուկրաինայի արևելքում:

«Շատ վտանգավոր զենք»

Շատերն ասում են, որ բացի հետախուզության համար օգտագործելուց, դրանք ավելի ու ավելի են կիրառվում ռուսական զորքերի կողմից որպես ինքնաոչնչացվող դրոններ պայթուցիկ փոքր բեռով՝ ուկրաինական դիրքերը և մեքենաները թիրախավորելու համար:

«Դա շատ վտանգավոր զենք է։ Այն նման է պրոպելլերով աղյուսի, որը թռչում դեպի քեզ, և դու դրա դեմ քիչ բան կարող ես անել»,- ասում է 148-րդ հրետանային բրիգադի սպա «Վարանը»:

Զինվորներն ասում են, որ հանդիպելով փոփոխվող մարտավարության՝ իրենք ստիպված էին արագ հարմարվել դրան։ Սակայն հարմարվելու այդ գործընթացի արդյունքները միանշանակ չեն:

Ազգային գվարդիայի «Բուրևի» բրիգադի գումարտակի հրամանատար Կոստիանտինն ասում է, որ նոր անօդաչու թռչող սարքերի դեմ էլեկտրոնային խլացման անարդյունավետությունը թույլ է տալիս դրանց ավանդական FPV անօդաչուների համեմատ ավելի առաջ մղվել դեպի ուկրաինական գծեր և ավելի ճշգրիտ հասնել թիրախներին:

«Սա թույլ է տալիս նրանց ավելի լավ տեսնել մեր դիրքերը, ավելի ճշգրիտ հարվածել և ավելի երկար տարածություններ թռչել: Դա մի փոքր ավելի է բարդացնում իրավիճակը», - ​նշում է նա:

Այս բարդությունները ստիպեցին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական գործակալության ղեկավար Կիրիլո Բուդանովին դեկտեմբերի 31-ին ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում նոր անօդաչուներն անվանել «մեծ խնդիր»։

Հունվարի 8-ին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) նշել է, որ Ռուսաստանն ավելի ու ավելի շատ է սկսում օգտագործել օպտիկամանրաթելային անօդաչու թռչող սարքերն իր ընթացիկ հարձակումների ժամանակ։ Այն նշել է նաև, որ այս անօդաչուները մի շարք նոր հարվածներ են հասցրել առաջնագծում:

Ուկրաինացի զինծառայողները ռուսական դրոններ են որոնում Ավդիվկայի մոտ

Արևելյան Ուկրաինայի Սոլեդար քաղաքի մոտ տեղակայված «Շվայկա» ծածկանունով անօդաչու թռչող սարքի օպերատոր, դասակի հրամանատարն ասում է, որ երկար օպտիկամանրաթելային մալուխները կարող են դժվարացնել նման անօդաչուների հայտնաբերումը։ Մինչ զինվորները հաճախ են կարողանում նկատել և վնասազերծել ալեհավաքները, որոնք օգտագործվում են ստանդարտ FPV անօդաչու թռչող սարքերը հեռվից կառավարելու համար, այս նոր ռուսական անօդաչու թռչող սարքերն ունեն միայն երկար բարակ լար՝ հեշտ թաքցվող կծիկով, որը սնուցում է դրանք:

«Կա միայն մի փոքրիկ տուփ, որտեղ տեղադրված է բուն դրոնի օպտիկամանրաթելային մալուխը, և դա շատ հեշտ է չնկատել, քանի որ այն ծխախոտի տուփի չափ է», - ասում է նա:

Մեկ այլ առավելություն է այն, որ ի տարբերություն ստանդարտ FPV անօդաչու թռչող սարքերի՝ պակաս հավանական է, որ դրանք կկորցնեն իրենց ազդանշանը, և դրանք կարող են ավելի հեշտությամբ հետապնդել իրենց թիրախները:

«Եթե օպերատորը պրոֆեսիոնալ պատրաստված է, օպտիկամանրաթելային անօդաչու թռչող սարքի օգտագործումը թույլ է տալիս դրանց թռչել շատ ցածր, նույնիսկ բուսականության մեջ գրեթե գետնին դիպչելով՝ առանց տեսաազդանշանը կորցնելու», - ասում է Ուկրաինայի Երրորդ առանձին հարվածային բրիգադի FPV ստորաբաժանման հրամանատար «Լյուտին»։

«Դա թույլ է տալիս նրանց հետախուզություն իրականացնել և հասնել այլ կերպ սովորական ԱԹՍ-ի համար անհասանելի թիրախների», - հավելում է նա:

Ռուսական օպտիկամանրաթելային դրոնի արձանագրած կադր

Ուկրաինացի սահմանապահ «Մեդոիդն» էլ ասում է, որ ամենամեծ դասը, որ քաղել է անօդաչու թռչող սարքերի հետ աշխատելով, այն է, որ պետք է լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկել և պոտենցիալ թիրախներն ու անձնակազմին ավելի լավ քողարկել:

Օպտիկամանրաթելային անօդաչու թռչող սարքերը զերծ չեն թերություններից, ավելացնում է նա՝ ընդգծելով, որ դրանք դժվարությունների են բախվում խոչընդոտներ պարունակող տարածքներում և օդում։ Նա ասում է, որ տեսել է մի քանի նման դրոններ՝ խճճված ծառերի ճյուղերի մեջ: Նման անօդաչու թռչող սարքերը նաև սահմանափակումներ ունեն՝ կապված այն տարածության հետ, որ կարող են անցնել և որտեղ կարող են հարվածել իրենց թիրախին՝ ելնելով մալուխի երկարությունից:

Հաշվի առնելով այս խոչընդոտները, զինվորներն ասում են, որ լարով աշխատող անօդաչու թռչող սարքերը շարքից հանելու ամենահեշտ ձևը հրազենով դրանք խոցելն է։ Մյուսներն ասում են, որ մեծ ցանցեր են տեղադրել, նույնիսկ ձկնորսական ցանցեր՝ դրանք վնասազերծելու համար: Մալուխները կարելի է ձեռքով էլ կտրել, բայց դա կարող է զինվորների դիրքերը մատնել, և նրանք կարող են հակառակորդի կրակի տակ հայտնվել։

Բայց մի պատերազմում, որտեղ յուրաքանչյուր առաջխաղացում կարող է վճռորոշ լինել, նոր անօդաչու թռչող սարքերն արդեն իսկ ազդեցություն են ունենում մարտի դաշտում:

Հաղորդվում է, որ Ռուսաստանը մեծացնում է օպտիկամանրաթելային անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, իսկ Ուկրաինան նույնպես փորձում է մշակել սեփական մոդելները։ Նման մի մոդել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է այս ամսվա սկզբին։

«Առայժմ մենք դեռ փորձարկման փուլում ենք», - ասում է «Լյուտին»: