Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգն այսօր քննարկել են Հայաստանի կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
Ըստ հայկական կողմի՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Բորգն իր հերթին ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:
ԵԱՀԿ նախագահն այսօր է ժամանել Երևան, նախ առանձնազրույց ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ապա Հայաստանի արտգործնախարարությունում կայացել է Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումն ու Միրզոյան-Բորգ համատեղ մամուլի ասուլիսը։
«Մենք կաջակցենք Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի կարողանանք համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրին հասնել», - ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ շեշտելով․ - «Մենք տեղյակ ենք, որ երկու երկրներն էլ նախընտրում են երկկողմանի հարթությունով հարցերը լուծել, մենք աջակցում ենք դրան»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԳ նախարարը «դասալիքներ» որակեց Ալմա-Աթայի հռչակագրով սահմանազատումը հակաօրինական համարող դիվանագետների խորհրդի անդամներին