«Խաղաղության օրակարգը չենք որդեգրել այն պատճառով, որ համարում ենք, որ դա երաշխավորված է 100 տոկոսով»
Վարչապետն այսօր չբացառեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող են սկսել քննարկել նաև ապաշրջափակման հարցը։ Սահմանազատումն արդեն առանձին գործընթաց է։
«Խաղաղության օրակարգը չենք որդեգրել այն պատճառով, որ մենք համարում ենք, որ դա երաշխավորված է 100 տոկոսով, կամ դա ամենահավանական սցենարն է։ Մենք այդ քաղաքականությունը որդեգրել ենք այն պատճառով, որ մենք ուզում ենք մեր քաղաքական ջանքը գործադրել թեկուզ անհնարը հնարավոր դարձնելու համար», - նշեց նա։
Երևանը չէր թաքցնում, որ տևական ժամանակ չէր հաջողում հայ-ադրբեջանական պայմանագրի նախագծում ներառել միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ երկրների ինքնիշխանության սկզբունքով։ Ադրբեջանը, բացի Ալմա-Աթայի հռչակագրի հղմանն ընդդիմանալուց, նաև անխոչընդոտ, առանց մաքսային ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի Նախիջևան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ քաղաքագետի՝ քննարկվում է Սյունիք-Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը օտարերկրյա ընկերության պատվիրակելը. ԱԳՆ-ը դեռ չի մեկնաբանումԱրդյոք մտմտո՞ւմ են նոր հանձնաժողով ձևավորել, ե՞րբ, ո՞վ է այդ դեպքում լինելու հայկական կողմի բանակցողը, այս հարցերը դեռ անորոշ են։
Բայրամովի հետ վերջին հանդիպումից հետո արտգործնախարար Միրզոյանը, ըստ էության, առանձնացրեց խաղաղության պայմանագիրն ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերը։
«Երբ որ Հայաստանը և Ադրբեջանը արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել իրար ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարել իրար նկատմամբ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և այլն, մնացած բոլոր հարցերը լուծվելու են այդ շրջանակում։ Եթե տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, մնացած բոլոր հարցերը՝ լինի կոմունիկացիայի, ամեն ինչի հարցը լուծվում է…», - ասաց նա։
Հարցին, թե կոմունիկացիայի հարցը, ինչպես սահմանազատումը չի՞ կարող լինել ավելի շուտ, և այդ դեպքում ինչպե՞ս է բխելու խաղաղության պայմանագրից, վարչապետը պատասխանեց. - «Կարող է լինել, կարող է… Ձեր տրամաբանությունն ա՞յն է, որ պետք է խաղաղության պայմանագիր լինի, հետո նոր մնացած ամեն ինչը։ Կարա հակառակը լինի, կարա իրական խաղաղություն ձևավորվի կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձևակերպվի խաղաղության պայմանագիրը։ Բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիրը»։
Նիկոլ Փաշինյանը շարունակեց. - «Այն խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել, շատ բարդ և բազմաշերտ է, և այդտեղ դասագրքային մոտեցումներով հնարավոր չէ առաջ գնալ, բայց մյուս կողմից էլ ես համաձայն եմ, որ պետք է սկզբունքները ֆիքսել և պահել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ տվեց սահմանազատումը Տավուշում, ինչի՞ վրա պետք է հաջորդ փուլում կենտրոնանալՍահմանազատված հատվածների քարտեզը, ըստ Փաշինյանի, նաև բնակիչների հետ քննարկումների արդյունքում է ձևավորվել
Փաստացի առաջինն Ադրբեջանը բարձրաձայնեց սահմանազատումը խաղաղության գործընթացից առանձին անցկացնելու մասին՝ անհապաղ պահանջելով վերադարձնել չորս գյուղերը, որից հետո ակտիվացան նաև հանձնաժողովների աշխատանքները։
Փաշինյանը մինչդեռ այսօր պնդում էր՝ սահմանազատումը խաղաղության գործընթացից առանձին անելը Ադրբեջանի պահանջը չի եղել, տեղի ունեցողը նաև Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է։
Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումը մասնակի տեղի ունեցավ, Հայաստանը վերադարձնեց Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը՝ դրա դիմաց չստանալով 90-ականների պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները: Այդ մասում սահմանազատում չիրականացվեց։
Սահմանազատված հատվածների քարտեզը, ըստ Փաշինյանի, նաև բնակիչների հետ քննարկումների արդյունքում է ձևավորվել։
«Այս գործընթացն ինչպես տեղի է ունեցել, այդ գործընթացում էականորեն հաշվի են առնված Ոսկեպարի ժողովրդի տեսակետները, հետո մենք գնացել ենք, Բերքաբերի ժողովրդի հետ ենք խոսել, որովհետև այստեղ որոշակի ընկալումների տարբերություններ կան, և մենք իրականացրել ենք այդ տրամաբանությամբ», - նշեց նա։
Վարչապետն այսօր էլ չմանրամասնեց՝ սահմանազատվող հաջորդ հատվածները որոնք են լինելու։ Միայն հայտարարեց՝ հանձնաժողովներն այժմ համաձայնեցնում են համատեղ աշխատանքի կանոնակարգը, դա պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով, դրանով պետք է սահմանազատումը շարունակվի։ Ըստ պայմանավորվածության՝ համաձայնեցումը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։
«Որտեղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձևավորվի կոնսենսուս, այսինքն՝ համատեղ որոշմամբ», - ընդգծեց նա։
«Խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է»
Արդյոք հնարավո՞ր է մեկ ամսում կնքել խաղաղության պայմանագիր, ԱԳՆ-ը նախօրեին այդ ժամկետում նախագիծը ամբողջացնելու և ստորագրելու պատրաստակամություն էր հայտնել։ Եվ Ալմա-Աթայի հռչակագիրը ներառվելո՞ւ է։ Պայմանագրի տեքստը, ըստ վարչապետի, բավականին հասունացած է, իսկ հռչակագրի մասին հարցին այսպես արձագանքեց՝ Ադրբեջանի նախագահն ինքը հայտարարել է, որ Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմանավորվածություններին ու Ալմա-Աթայի հռչակագրին։
«Այո, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիր, դա նշանակում է, որ մեր գնահատմամբ՝ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, և կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի, արդեն իսկ նախկինում երկկողմ հաստատված համաձայնեցումների հիման վրա և ստորագրել», - նշեց նա։
Բայց Ալիևն էր նախապայման դրել՝ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփովի, խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է։ Փաշինյանի գնահատմամբ՝ Սահմանադրության փոփոխությունների հարցը բերել բանակցային սեղան խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և դա չի կարող Ադրբեջանի հետ բանակցության մաս լինել. - «Չեմ բացառում, որ այդտեղ կան նաև որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և նաև որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու ՀՀ-ում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է. ԱլիևՆիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ի ճաշարանում պատասխանեց լրագրողների հարցերին։ Երբ «Տավուշը հանուն հայրենքի» շարժումը նրա հրաժարականի պահանջով հավաքվում էր Բաղրամյան պողոտայում, նա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու իր կուսակիցների հետ էր ճաշարան եկել, ինչը նախկինում սովորություն չուներ անել։