Նիգերիան նոր նախագահ ընտրեց

Մուհամադու Բուհարի

Նիգերիացիները երկրով մեկ տոնում են նախկին ռազմական կառավարիչ Մուհամադու Բուհարիի վերադարձը իշխանության: Պաշտոնաթող գեներալը գործող նախագահ Ջոնաթան Գուդլաքին ընտրություններում հաղթեց ավելի քան երկու միլիոն ձայնի գերակշռությամբ:

Նոր ղեկավարից քվեարկողները պահանջում են փոփոխություններ դեպի ավելի լավ ապագա:

Բուհարին գրեթե երկու տարի ղեկավարել է աֆրիկյան ամենամեծ երկիրը 1983 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, և քվեարկողները պատկերացում ունեին, թե ինչ կարելի է ակնկալել նրանից:

Բուհարիի աջակիցները ակնկալում են, որ նա երկիրը կազատի «Բոկո Հարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորման դաժանություններից, ինչպես նաև զարկ կտա տնտեսության զարգացմանը:

Նավթով հարուստ Նիգեր-Դելտա նահանգում ծավալված բռնությունները դանդաղեցրել են նավթի արդյունահանումն ու արտահանումը, իսկ կաշառակերությունն ու չարաշահումները մի շարք արտասահմանցի ներդրողների ստիպել են հեռանալ երկրից:

Բուհարիի մի շարք հակառակորդներ հայտարարում են, որ պատրաստ են մի կողմ դնել տարաձայնություններն ու աջակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին:

Ըստ միջազգային դիտորդների՝ Նիգերիայի ընտրությունները գլխավորապես ազատ ու արդար էին, չնայած որոշ վայրերում գրանցված բռնություններին:

Միացյալ Նահանգները իր աջակցությունն է հայտնել՝ շնորհավորելով Նիգերիայի ժողովրդին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու և ժողովրդավարական գործընթացը առաջ մղելու համար:

Սակայն մահմեդական ու քրիստոնյա գրեթե հավասար բնակչություն ունեցող այս երկրին դեռ ժամանակ կպահանջվի՝ հաղթահարելու կայունություն ու ժողովրդավարություն հաստատելու մեծ ստուգարքը: