Ինտերնետը և նորագույն տեխնոլոգիաները արագորեն փոխում են նորությունների ստացման և մատուցման ձևերը: Այժմ իրադարձությունների մասին պատմելու ավելի շատ եղանակներ կան, քան երբևէ:
Լոս Անջելեսի համալսարաններից մեկը սկսել է հաջորդ սերնդի լրագրողներ պատրաստել կիրառական խմբագրատան օգնությամբ:
Ի տարբերություն գործընկերների նախորդ սերունդների՝ Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Անենբերգ ժուռնալիստիկայի դպրոցի ուսանողներն այսօր սովորում են նորություններ մատուցել բոլոր հարթակների միջոցով, այդ թվում՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցով:
Ըստ ժուռնալիստիկայի դպրոցի տնօրեն Ուիլոու Բեյի՝ այսօր լրագրողից պահանջվում բոլոր տեսակի տեխնոլոգիական գործիքներից օգտվելու կարողություն՝ նոր տեղեկատվություն ուսումնասիրելու, հետազոտելու և վերլուծելու համար: Ակնկալվում է նաև, որ նրանք տիրապետեն մուլտիմեդիա նյութեր պատրաստելու հմտություններին, տիրապետեն տեղեկատվության տարածման, մարքեթինգի և բաշխման տեխնոլոգիաներին, որպեսզի իրենց նյութերը հասցնեն հնարավորինս ընդարձակ լսարանի:
«Նրանք պետք է իմանան, թե ինչպես աշխատել առցանց և պետք է կարողանան նյութերը մոնտաժել», - ասում է լրագրության դասախոս Ռոբերտ Հեռնանդեսը:
Թվային լրագրության պրոֆեսորը ուսանողներին ցույց է տալիս նորագույն առցանց գործիքներ, որոնք լրագրողները կարող են օգտագործել մուլտիմեդիա նյութեր ստեղծելու համար:
«Դուք կարող եք դա անել 360 աստիճան համայնապատկեր տալով ձեր հեռախոսի միջոցով: Մենք կարող ենք ցուցադրել, թե ինչ է իրենից ներկայացնում հողմատարափը, թե ինչպես է այն արմատախիլ անում ծառերը: Կա հեռախոսային կցածրագիր, որը միաձուլում է դրանք», - ասում է նա:
Ուսանողները կարող են նաև փորձարկումներ անցկացնել Google Glass-ով՝ ինտերնետային ոլորտի հսկա Google ընկերության այս փորձնական սարքը հնարավորություն տալիս լուսանկարել, տեսագրություններ և ձայնագրություններ անել:
Տպագիր և թվային լրագրության ծրագրի ուսանող Ուիլ Ֆեդերմանն ասում է՝ բոլորս հիմա մտնում ենք մի շուկա, որտեղ, եթե դուք չունեք բազմազան հմտություններ և մի քիչ էլ գիտելիք ամեն ինչի մասին, ուրեմն պետք է պատրաստվեք դժվարին ժամանակների՝ աշխատանք գտնելու առումով:
«Լրագրության ասպարեզում մենք պետք է ուշադիր ծանրութեթև անենք, թե ինչպես թրծենք ուսանողներին, որպեսզի նրանք, օգտագործելով նորագույն գործիքները, նաև պատասխանատվություն ստանձնեն: Այո՝ պատասխանատվություն, որովհետև նոր տեխնոլոգիաների առկայության պայմաններում նոր հարցեր են առաջանում, քանի որ դուք հնարավոր է դառնում շահարկել և ձեռնածել իրականությունը ավելի, քան նախկինում էր հնարավոր», - ասում է նա:
Սակայն դասախոսները պնդում են, որ այս ամենի հիմքում մնում է հին սկզբունքը. ուսանողները դեռ պետք է տիրապետեն ավանդական լրագրությունը, այն է՝ ինչպես պատրաստել նյութ, որը կլինի ազդեցիկ, ճշգրիտ, արդար և հավասարակշռված: