Իշխանության «սահուն անցո՞ւմ», թե՝ «Ֆոտոշոփ»

Ղազախստանում՝ Ալմաթիի և Նուր-Սուլթանի կենտրոնում, այսօր տասնյակ ցուցարարներ են ազատազրկվել, որոնք փողոց էին դուրս եկել հունիսի 9-ի արտահերթ նախագահական ընտրությունները բոյկոտելու, մրցակցային ընտրություններ անցկացնելու պահանջով:

«Ամոթ, ամոթ, ժողովուրդը, հոգնել է, մենք ունենք ընտրելու իրավունք», - վանկարկում էին ցուցարարները:

Ղազախստանի նախկին նախագահը՝ ետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավար, շուրջ երեք տասնամյակ անընդմեջ երկիրն առաջնորդող Նուրսուլթան Նազարբաևը, անցած մարտին անակնկալ հրաժարական տվեց՝ մնալով Անվտանգության խորհրդի քարտուղար ու իշխող կուսակցության նախագահ: Հաջորդ օրն իսկ մայրաքաղաք Աստանան նրա պատվին վերանվանվեց Նուր-Սուլթան, նախագահի պաշտոնում առաջադրվեց Նազարբաևի աջակից Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, իսկ Նազարբաևի դուստր Դարինգան ստանձնեց խորհրդարանի խոսնակի պաշտոնը:

«Նուր-Սուլթանն իմ մայրաքաղաքը չէ, Տոկաևը՝ իմ նախագահը չէ, Դարինգան խորհրդարանի իմ խոսնակը չէ», - հայտարարում էին ցուցարարները մայիսմեկյան տոնակատարությունների ժամանակ:

Ոստիկանները սկզբում բավական անհարմար վիճակում էին՝ մի կողմում տոնական շքերթ, երեխաներ, փուչիկներ ու բարձր տրամադրություն, մյուս կողմում՝ ցուցարարներ, որոնք, բարձրախոսը միմյանց փոխանցելով, քայլում էին այգու կենտրոնով: Խաղաղ ակցիան, սակայն, երկար չշարունակվեց: Հենց ցուցարարները դուրս եկան այգուց և սկսեցին շարժվել քաղաքի կենտրոնական փողոցներով, հատուկ ջոկատայինները անցան զանգվածային ձերբակալությունների:

«Ազատության» ղազախական ծառայության հաղորդմամբ, այսօրվա ակցիան ամենամարդաշատն էր Նազարբաևի հրաժարականից հետո սկսված ցույցերի շարքում: Ավելի վաղ՝ տասն օր առաջ, իրավապահները ձերբակալել էին երկու ակտիվիստների, որոնք Ալմաթիում՝ վազքի մարաթոնի ժամանակ, ցուցապաստառ էին կախել՝ «ճշմարտությունից չես փախչի» գրությամբ: Մի քանի օր առաջ էլ ձերբակալվել և հնգօրյա կալանքի էր ենթարկվել մեկ այլ ակտիվիստ, ով Ալմաթիի կենտրոնական կամուրջներից մեկին ամրացրել էր ցուցապաստառ՝ հիշեցնելով Սահմանադրության հոդվածը՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Կոչ ենք անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, իրական հանցագործներն ու գողերը ազատության մեջ են», - վանկարկում էին ցուցարարները:

Մինչ այդ՝ երկու օր առաջ, աջակիցներին էր դիմել գործող իշխանությունների կոշտ քննադատ, Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն կուսակցության առաջնորդ Մուխտար Աբլյազովը՝ կոչ անելով մայիսի 1-ին համախմբված փողոց դուրս գալ և տեր կանգնել սեփական երկրին ու ճակատագրին:

«30 տարի Նազարբաևի վարչակազմը գողացել է մեզնից՝ ինձնից, ձեզնից ու մեր երեխաներից: Մենք տարիներ ենք կորցրել և բաց թողել բարգավաճ երկիր, անկախ պետություն դառնալու հնարավորությունը: Ղազախստանը մեծ ու հարուստ երկիր է, բայց մեր ազգային հարստությունն այսքան ժամանակ ծառայել է միայն մեկ ընտանիքի և մի խումբ դավաճանների բարգավաճմանը, որոնք երբեք չեն մտածել ժողովրդի մասին», - հայտարարել էր ընդդիմադիր առաջնորդը:

Աբլյազովը տասը տարի է՝ բնակվում է արտերկրում: Անցած տարի Ղազախստանի իշխանությունները նրան հեռակա կարգով ցմահ ազատազրկման դատապարտեցին սպանություն կազմակերպելու, հանցավոր խմբավորում ստեղծելու և հափշտակության մեղադրանքներով: Նրա ղեկավարած կուսակցությունը ևս արգելված է Ղազախստանում․ մեկ տարի առաջ դատարանի որոշմամբ այն դասվեց ծայրահեղական խմբավորումների շարքում, և հիմա, ըստ այդ որոշման, յուրաքանչյուր ոք, ով երկրում կտարածի կուսակցությանն առնչվող նյութեր, տեղեկություններ ու կարգախոսներ, կարող է կանգնել դատարանի առջև:

Մինչ ընդդիմությունը փորձում է համախմբել ուժերը փողոցային պայքարի միջոցով, Նազարբաևի հետնորդ, նախագահի թեկնածու Քասիմ-Ժոմարտ Տոկաևի վարչակազմը ակնառու փոփոխություններ է անցկացնում՝ «Ֆոտոշոփի» օգնությամբ:

Սա 65 ամյա առաջնորդ, նախագահի թեկնածու Տոկաևի լուսանկարն է, որը տարածել էին լրատվամիջոցները՝ Ղազախստանում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից հետո:

Սա նույն օրն արված մեկ այլ լուսանկարն է, բայց՝ նախագահական աշխատակազմի մատուցմամբ:

Սա կրկին Տոկաևն է՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը՝ Կրեմլի ֆոտոթղթակցի աչքերով:

Ղազախստանի նախագահականը լուսանկարը տարածել էր րոպեներ անց՝ Տոկաևի ակնհայտ ավելի երիտասարդ ու առույգ տեսքով:

Ընդ որում, լուսանկարչական «սրբագրումների» է ենթարկվում միայն Տոկաևը. նրա զրուցակիցները մնում են, այսպես ասած, բնական լույսի ներքո:

Փորձագետները պնդում են՝ այս քայլերով իշխանությունները փորձում են Տոկաևին ներկայացնել որպես «նոր ու թարմ դեմք», չնայած վերջինս թոշակի տարիքը վաղուց է անցել:

Վարչակազմի այդ հնարքները, սակայն, ոչ բոլորին են համոզում: - «Ծերուկ, հեռացիր, հերիք է», - վանկարկում էին այսօր ցուցարարները:

Ղազախստանի արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 9-ին, մինչ այդ անցկացված քվերակությունները, միջազգային դիտորդների գնահատականով, երբեք ազատ ու արդար չեն եղել: