Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ռաֆահի գործողությունը շատ հարցեր կլուծի։ Իսրայելական պետական KAN հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Նեթանյահուն ասել է, որ Ռաֆահի գործողությունն ընդգրկելու է ոչ միայն այնտեղ մնացած «Համաս»-ի գումարտակներին, այլև նրանց նահանջի ու մատակարարումների ուղիները։
Նա նաև նշել է, որ Իսրայելը կարևոր ճակատամարտ է տալիս, որի ավարտը շատ կմոտեցնի թշնամու դեմ հաղթանակը։
ԱՄՆ-ն և մարդասիրական մի շարք կազմակերպություններ Իսրայելին կոչ են արել նոր աղետներից խուսափելու համար ձեռնպահ մնալ Ռաֆահի գործողությունից։
Մայիսի 6-ին իսրայելական բանակը պահանջել է, որ քաղաքի արևելյան թաղամասի բնակիչները հեռանան։ Հարյուր հազարավոր պաղեստինցիներ փախչելով մարտական գործողությունների շրջաններից ապաստանել էին Գազայի հատվածի հարավում ընկած այդ քաղաքում։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 34 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռաֆահի մոտ այսօր իսրայելցի զինվորներ են նկատվել