Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ Իսրայելը ձգտում է հարվածել Իրանի ռազմական և ոչ թե միջուկային կամ նավթային օբյեկտներին, հաղորդում է Washington Post-ը՝ վկայակոչելով երկու պաշտոնյաների:
Ըստ լրատվամիջոցի՝ Նեթանյահուն այս մասին Բայդենին ասել է անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, երբ կողմերը քննարկել են հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռներին Իսրայելի արձագանքը։
Պաշտոնյաներից մեկը Washington Post-ին ասել է, որ Իսրայելի վարչապետը համաձայնել է հարձակումը պլանավորել այնպես, որ դա չազդի ԱՄՆ գալիք ընտրությունների վրա։
Նշվում է, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են բարձրացնել նավթի գները, որն էլ հնարավոր է վնասի փոխնախագահ Քամալա Հարիսի հնարավորությունները բենզինի գներից դժգոհ ընտրողների շրջանում:
Պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելի պատասխան գործողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։
Հոկտեմբերի 1-ին Իրանը մոտ 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ուղղված էր բացառապես ռազմական օբյեկտներին և հարձակումն անվանել է վրեժ՝ արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի առաջնորդների սպանության համար: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել։ Ամերիկյան Axios լրատվական կայքը գրել էր, որ Իսրայելը կարող է թիրախավորել իրանական նավթի արդյունահանման օբյեկտները և ռազմավարական այլ վայրեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նավթի նախարարն այցելել է առանցքային տերմինալ՝ Իսրայելի հարվածների մտավախությունների ֆոնինԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը հնարավոր է համարել Իսրայելի հարվածները Իրանի նավթային օբյեկտներին