Նասրալլայի զարմիկը՝ «Հեզբոլա»-ի նոր ղեկավար

Հաշեմ Սաֆի ադ-Դին

Լիբանանյան «Հեզբոլա» ահաբեկչական խմբավորումը կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆի ադ-Դինին, հայտնում են արաբական լրատվամիջոցները։

Ադ-Դինը 60 տարեկան է։ Նա «Հեզբոլա»-ի համահիմնադիրներից է, եղել է գործադիր կոմիտեի ղեկավարը։ Նրան համարում են «Հեզբոլա»-ի գործերի կառավարիչ։ Մինչ խմբի ղեկավար ընտրվելը նա զբաղվում էր խմբավորման ֆինանսական հարցերով։ Ադ-Դինը 2017 թվականից ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ահաբեկիչների ցուցակում է։

Նա «Հեզբոլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկն է մայրական կողմից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանի փեսան։ Սոլեյմանը սպանվել է 2020-ի սկզբին Իրաքում ԱՄՆ ավիահարվածից։

Al Ghad ընդգծում է խմբի նախկին և նոր առաջնորդների ապշեցուցիչ նմանության մասին՝ նշելով, որ նրանք նման են թե՛ արտաքին տեսքով, թե՛ կազմվածքով։

Հասան Նասրալլան Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» զինված խմբավորման և քաղաքական կուսակցության երկարամյա ղեկավարն էր։ «Հեզբոլա»-ն, որը վերահսկում է հարավային Լիբանանի մեծ մասը, սեպտեմբերի 28-ին հաստատեց, որ Նասրալլան սպանվել է նախորդ օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին Իսրայելի հասցրած մասշտաբային հարվածների հետևանքով։

«Հեզբոլա»-ն ղեկավարելու ավելի քան 30 տարիների ընթացքում 64-ամյա հոգևորականը դարձել էր Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ և ամենահակասական գործիչներից մեկը:

ԱՄՆ-ն «Հեզբոլա»-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, թեև Եվրամիությունը միայն դրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ էր «Հեզբոլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլան