Նախարարությունը հրաժարվում է Ախթալայի հանքերի ու պոչամբարների մոտ հողերի աղտոտվածությունն ուսումնասիրել. փաստաբան

Շրջակա միջավայրի նախարարությունը հրաժարվում է Ախթալայի հանքերի ու պոչամբարների հարևանությամբ ապրող բնակիչների այգիներում հողերի աղտոտվածության վիճակի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացվել։ Իրենց կյանքի ու առողջության իրավունքի համար դատարանում պայքարող հողատերերն էին դիմել նախարարություն` խնդրելով հանքարդյունաբերության հետևանքների մասին եզրակացություն տալ, որի հիման վրա դատարանը կորոշի՝ ինչ ազդեցություն են կրել իրենց այգիներն, ու որքան վնաս են կրել իրենք տասնամյակներ շարունակ այստեղ գործող հանքարդյունաբերության հետևանքով։

Դատարան դիմած այգետերերի փաստաբան Մերի Կարապետյանին նախարարությունից պատասխանել են, թե իրենք մասնավոր տարածքներում նման ուսումնասիրություն չեն իրականացնում, դա իրենց լիազորությունների շրջանակներում չէ։

«Պետության դիրքորոշումն այն է, որ մասնավոր տարածքներում պետական բյուջեի հաշվին նման փորձաքննություն չի իրականացնում, և այստեղ հատկանշական է, որ մենք բարձրացնում ենք շրջակա միջավայրին վնաս հասցնելու հանգամանքները, այսինքն՝ և՛ բուսական աշխարհը, և՛ հողերը աղտոտված են, այսինքն՝ փորձաքննությունը պետք է վերաբերվեր դրան՝ արդյոք հողում, պտուղ-բանջարեղենում կան ծանր կոնցենտրացիաներ, և արդյոք դա հանքանյութի թափվելու հետևանքն է», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Այգիները չորացել են, ոռոգման ջուրն է պատճառը». մի քանի տասնյակ լոռեցիներ դատի են տվել հանքարդյունաբերող ընկերությանը

Դեռ 2021 թվականին 60 լոռեցիներ դատի էին տվել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին՝ վնասի փոխհատուցման պահանջով։ Դատարանը մերժել էր հայցը, վերաքննիչ դատարանը մինչդեռ նոր քննության է ուղարկել։ Ու այժմ գործը հասել է այն բանին, որ դատարանն առողջական ու տնտեսական վնասները գնահատելու պարտավորությունը ոչ թե պատասխանող կողմի կամ պետության վրա է դրել, այլ հայցվորների։ Սա նշանակում է, որ մասնավոր ընկերությունների փորձաքննությունների համար տասնյակ միլիոնավոր դրամներ պիտի վճարեն։

Փաստաբանը հակադարձում է Շրջակա միջավայրի նախարարության պնդումներին, թե մասնավոր տարածքներում ուսումնասիրությունն իրենց գործը չէ։ Մատնացույց է անում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունն, ըստ որի ՊՈԱԿ-ն ուսումնասիրում է հողերի աղտոտվածության վիճակն ու դիտարկում հողերի վրա բացասական ազդեցությունները։

Այսօր նախարարությունից ասացին՝ իրենք ոչ միայն մասնավոր տարածքներում, այլև առհասարակ հողերի վիճակն ուսումնասիրում են, բայց չեն գնահատում դրանց ազդեցությունը, չեն ուսումնասիրում, թե, օրինակ, անապատացած հողերն ինչ ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա, կամ թե ինչից է առաջացել այդ անապատացումը։

Այս իրավիճակում ավելի քան 60 հայցվորներին այլ բան չի մնացել, քան միջնորդել դատարանին նշանակել փորձաքննություն։

Օրերս տեղի ունեցած հերթական դատական նիստում իրենց միջնորդությունը ներկայացրել են դատարան։

«Նախորդ անգամ մենք միջնորդությունը չէինք ներկայացրել այդ հիմնավորմամբ, որ նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում ունի նման լիազորություններ՝ մոնիթորինգ իրականացնելու և ուսումնասիրություններ», - նշեց փաստաբանը։

Սա համարում են իրենց արդյունքի հասնելու վերջին հնարավորությունը։ Եթե դատարանն ընդունի միջնորդությունն, արդյո՞ք բնակիչները կփակեն տասնյակ միլիոնների ծախսը։ Փաստաբան Մերի Կարապետյանն ասում է՝ փորձելու են միջոցներ գտնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարուցվել է քրգործ՝ պարզելու՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը թափոններով աղտոտե՞լ է Դեբեդի ջրերը

Այսօր Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից հրաժարվեցին մեկնաբանել՝ որքանով է պատրաստ ընկերությունը փոխհատուցել բնակիչների վնասները։ Ասացին՝ թող դատարանը որոշի։