Վրաստանում ձերբակալված ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովն արդեն 63 օր է հացադուլ է անում Թբիլիսիի բանտում, հինգշաբթի օրը հայտարարել է նրա կինը՝ Սևինջ Սադիգովան։
Նոյեմբերի 20-ից քրեակատարողական կենտրոնի հիվանդանոցում գտնվելուց հետո առաջին անգամ նրան թույլատրվել է հանդիպել ընտանիքի անդամների հետ։ Սադիգովին հանդիպման են բերել անվասայլակով։
«Նա 93 կիլոգրամից դարձել է 61 կիլոգրամ։ Նա գտնվում է շատ ծանր վիճակում։ Նրա ողջ մարմինը ցավում է, գիշերը չի կարողանում քնել: Հրաժեշտ տվեցինք այնպես, կարծես վերջին անգամ էինք հանդիպում։ Բժիշկներն ասել են, որ Աֆղանի շաքարի մակարդակը վտանգավոր մակարդակի վրա է, և նա ցանկացած պահի կարող է կոմայի մեջ ընկնել», - TURAN-ին ասել է լրագրողի կինը։
2020 թվականին Սադիգովն այլ մեղադրանքներով յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել և 2023-ին համաներմամբ ազատ արձակվել, որից հետո ընտանիքով բնակություն էր հաստատել Վրաստանում։ Բաքվի պահանջով՝ Վրաստանի իշխանություններն անցած օգոստոսին նրան ձերբակալեցին։ Լրագրողին արտահանձնում ու բանտարկություն է սպառնում։ Սադիգովների ընտանիքը պնդում է, որ իրենք հեռացել են Ադրբեջանից՝ վախենալով հաշվեհարդարից։ Ադրբեջանի իրավապահները նրան մեղադրում են շորթման մեջ։
Վրաստանի միգրացիոն ծառայությունը մերժել է քաղաքական ապաստան տրամադրելու Սադիգովի խնդրանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանը մտադիր է ադրբեջանցի լրագրողին արտահանձնել Բաքվին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Amnesty International-ը Թբիլիսիին կոչ է անում Աֆղան Սադիգովին չարտահանձնել Ադրբեջանին