Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում սառույցը հալչում է, ռուսական կողմը համոզված է՝ Ալիևի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Այսօր Բաքվում այդ մասին հայտարարեց Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մատվիենկոն պաշտոնական այցով Բաքվում էՌուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան հատուկ ընդգծեց՝ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները «չափազանց բովանդակալից, առարկայական և բաց էին»։
«Մենք համոզվեցինք, որ Ադրբեջանը մտադիր է շարունակել բազմակողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Ուզում եմ լիակատար վստահությամբ ասել, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ադրբեջանը վճռական են՝ կառուցելու բարձր մակարդակի, դաշնակցային հարաբերություններ, գործընկերություն, բարիդրացիություն և փոխադարձ հարգանք», - ասաց Մատվիենկոն։
Ալիևն ու Մատվիենկոն, ինչպես հաղորդվում է, քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր՝ այդ թվում առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ անցած տարի ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 4․8 միլիարդ դոլար։ Ռուսաստանը Բաքվի երրորդ առևտրային գործընկերն է` Թուրքիայից և Իտալիայից հետո։ Ըստ Մատվիենկոյի՝ այդ ոլորտում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մանրամասներ, սակայն, նա չհայտնեց։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմն էլ փոխանցում է, որ զրուցակիցները բացի քաղաքական ու տնտեսական հարցերից նաև անցած դեկտեմբերին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավի կործանմանն են անդրադարձել։ Ուշագրավ է, որ անցած շաբաթներին Մոսկվային միջազգային դատարանով սպառնացող Ադրբեջանի առաջնորդը Մատվիենկոյի հետ հանդիպմանը այդ միջադեպի հետ կապված այլ հայտարարություններ չի հնչեցրել։ Ալիևի աշխատակազմը միայն նշել է, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահն օբյեկտիվ գնահատական է խոստացել ռուսաստանյան քննչական մարմինների կողմից, որոնք հետաքննում են տեղի ունեցածը։
Մինչդեռ օբյեկտիվ գնահատականից զատ, Ադրբեջանի իշխանությունը Մոսկվայից պահանջում էր պատժել 38 մարդու կյանք խլած ինքնաթիռի խոցման մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել։ Իլհամ Ալիևը պնդել էր, որ ադրբեջանական օդանավը կործանվել է Ռուսաստանում գետնից բացված կրակի հետևանքով։
Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը, ընդառաջելով Ալիևի պահանջին, ներողություն էր խնդրել «ողբերգական միջադեպի» համար, սակայն հրաժարվել էր ընդունել կատարվածում Ռուսաստանի պատասխանատվությունը։
Ի պատասխան՝ Ադրբեջանի կառավարությունը մի շարք կոշտ քայլեր իրականացրեց ռազմավարական գործընկերոջ նկատմամբ․ նախ Բաքվում փակվեց ռուսաստանյան մշակութային ներկայացուցչությունը, ապա ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական լրատվական գործակալության մասնաճյուղը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուս-ադրբեջանական լարվածությունը չի մարում. Բաքվից նոր սենսացիոն փաստեր են հրապարակումԱդրբեջանական ինքնաթիռն, ըստ նախնական զեկույցի, կործանվելուց առաջ արտաքին ազդեցության է ենթարկվելԱդրբեջանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջումՄոսկվան, սակայն, հակառակը՝ անթաքույց ջանքեր էր գործադրում հարթելու առևտրատնտեսական ոլորտում իր առանցքային գործընկերոջ հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամը։
Այդ փորձերից մեկը դարձավ Ադրբեջանի նախկին նախագահ՝ իշխանությունը որդուն ժառանգած Հեյդար Ալիևի արձանը Ռուսաստանի մայրաքաղաքում տեղադրելու նախաձեռնությունը։ Հուշարձանի հիմնարկեքին մասնակցեց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ռուսաստանի իշխանությունն ընդգծեց՝ արձանի ներկայությունը «կարևոր մշակութային-հումանիտար իրադարձություն կդառնա երկու երկրների համար»։ Այս մասին մասնավորապես հայտարարել էր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր երկրում մենք պահպանում ենք հիշողությունը և մեծ ջերմությամբ ու հարգանքով ենք վերաբերվում այս լուսավոր, արտասովոր, տաղանդավոր մարդուն ու պետական գործչին», - վստահեցրել է Զախարովան։