Մոսկվան հայտնել է գեներալ Կիրիլովի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին

Իգոր Կիրիլով, արխիվ

Մոսկվան հայտարարել է, որ ձերբակալել է գեներալ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի սպանության մեջ կասկածվողին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ կասկածյալը 1995 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացի է։ Նրա նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, որ Կիրիլովի սպանության մեջ կասկածվողը հավաքագրվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրան 100 հազար դոլար են խոստացել։

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ կասկածյալը ռումբը տեղադրել է էլեկտրական սկուտերի վրա, որը կայանված է եղել գեներալի տան մուտքի մոտ, ինչպես նաև նա վարձել է մեքենա, այնտեղ տեղադրել տեսախցիկ՝ Կիրիլովին հետևելու համար, իսկ տեսախցիկի կադրերը հեռարձակվել են ահաբեկչության կազմակերպիչներին, որոնք գտնվում են Դնեպրում։ Կիրիլովի ժամանման մասին ազդանշան ստանալուն պես, ըստ Քննչական կոմիտեի, պայթուցիկ սարքը գործի է դրվել։

Ռուսաստանի Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը սպանվել են դեկտեմբերի 17-ի առավոտյան՝ Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության, սպանության և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուն՝ Մոսկվայում. սպանվել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը