Մոսկվայի բորսան հունիսի 13-ից դադարեցրեց եվրոյի և դոլարի գործարքները

Արխիվ

Մոսկվայի բորսան հայտարարել է, որ հունիսի 13-ից դադարեցնում է եվրոյի և ամերիկյան դոլարի առք-վաճառքը։

Սա հետևում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության սահմանած նոր պատժամիջոցներին, որի ցանկում ընդգրկվել են նաև Մոսկվայի բորսան և ռուսական ևս մի քանի ֆինանսական հաստատություններ, որոնք Ռուսաստանի արտարժույթի շուկայում դոլարային գործարքներում միջնորդական դերակատարություն ունեին։

Նախօրեին պատժամիջոցների հայտարարությանը անմիջապես հետևեց ռուսական ռուբլու սարսափելի անկումը, օգտվելով իրավիճակից, որոշ բանկեում մեկ դոլարի արժեքը թռավ մինչև 200 ռուբլի, չնայած մինչ պատժամիջոցների հայտարարությունը ՌԴ կենտրոնական բանկը մեկ դոլարի փոխարժեքը սահմանել էր 89 ռուբլի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ նոր պատժամիջոցներից հետո ՌԴ որոշ փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը 90-ից հասել է 200 ռուբլու

Ամերիկյան պատժամիջոցների հիմնական հետևանքները ազդեցություն կունենան ռուսական ֆինանսական հաստատությունների վրա, որոնք զրկվում են արտարժույթի փոխանակման կուրսի սահմանման հուսալի և անվտանգ գործիքակազմից։

Ռուսաստանի ֆինանսական ենթակառուցվածքում Մոսկվայի բորսան կարևոր նշանակություն ունի, այնտեղ են բանկերը, գործարար և ներդրումային ընկերությունները արտարժույթի՝ եվրոյի, դոլարի, չինական յուանի առք ու վաճառք կատարում, և դրա հիման վրա օրվա առաջին կեսին որոշվում է ռուբլու կուրսը, որով արդեն բանկերը արտարժույթային գործարքներ են կատարում։

Ամերիկյան նոր պատժամիջոցները գործնականում խարխլում են այդ մեխանիզմը։ Կենտրոնական բանկը ռուբլու կուրսը արդեն որոշելու է ոչ թե բորսայի, այլ դրանից դուրս գործող ֆոնդերի տվյալներով։ Նման պարագայում ռուբլու կուրսի որոշումը թափանցիկ չի լինի, հնարավոր են նաև կուրսի տատանումներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ից հետո Մոսբիրժայի դեմ պատժամիջոցներ սահմանեց նաև Մեծ Բրիտանիան

«Bloomberg Economics» -ի Ռուսաստանի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գծով տնտեսագետ Ալեքսանդր Իսակովի կարծիքով՝ հիմնական էֆեկտը կլինի ոչ թե արտարժույթի դեֆիցիտը, այլ արտահանողների ու ներկրողների համար կմեծանան ծախսերը, մասնավորապես արտարժույթի փոխանակման, տրանսֆերտների ու նման գործարքների ծախսերը կավելանան, իսկ երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը հնարավոր է նպաստի Ռուսաստանից կապիտալի արահոսքին և ռուբլու հերթական թուլացմանը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր ասել է, թե Կենտրոնական բանկը ապահովում է բոլոր շուկաների կայունությունը։

Հունիսի 14-ի համար ՌԴ կենտրոնական բանկը պաշտոնապես ուժեղացրել է ռուբլին։ Մեկ դոլարի փոխարժեքը սահմանվել է 88 ռուբլի 20 կոպեկ, ինչը 81 կոպեկով ցածր է նախկին արժեքից, մեկ եվրոյի համար սահմանվել է 94 ռուբլի 83 կոպեկ՝ եվրոն իջեցվել է 91 կոպեկով։

ԿԲ-ն նաև փորձում է փարատել արտարժույթային շուկայի հնարավոր բարդությունները, հայտարարելով, թե վերջին երկու տարիներին ռուսական շուկայում դոլարի և եվրոյի դերակատարությունը հետևողականորեն նվազեցվել է։ Առևտրային հոսքերը ուղղվել են Արևելք, գործարքների հաշվարկները կատարվել են ռուբլիով, չինական յուանով և բարեկամ այլ երկրների արժույթով, և ըստ կառույցի՝ այդ արժույթներով է կատարվում արտաքին գործարքների մոտավորապես 80 տոկոսը։

Իսկ անցած մայիսին Մոսկվայի բորսայում չինական յուանի գործարքները 54 տոկոս են կազմել, ինչը նշանակում է, որ հիմնական արտարժույթը արդեն ոչ թե ոչ դոլարն է, այլ չինական յուանը, նշում է Ռուսաստանի կենտրոնական բանկը։

Ուկրաինա ներխուժելու պատճառով Արևմուտքի սահմանած կոշտ պատժամիջոցները Ռուսաստանին զրկում կամ խիստ սահմանափակում են արևմտյան ընկերությունների հետ առևտուրը։

Հետևելով ԱՄՆ-ին, Բրիտանիան ևս այսօր հայտարարեց նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, այդ թվում՝ Մոսկվայի բորսայի հանդեպ։

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողում այսօր հայտարարել է, որ պատժամիջոցների նպատակը տնտեսական ճնշումն ուժեղացնելն է, որպեսզի թուլացվի Ռուսաստանի հնարավորությունները ֆինանսավորելու իր ռազմական մեքենան։

«Պուտինը պետք է պարտվի, և կենսական կարևոր է նրան զրկել ձգվող հակամարտությունը ֆինանսավորելուց»,- հայտարարել է Բրիտանիայի վարչապետը։