«Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը խլել են հայ աղջիկներից»․ սկանդալներ թագի շուրջ

«Արմենիա»․ առաջիկա նոյեմբերիին Մեքսիկայում անցկացվելիք «Միսս Տիեզերք»-ի բեմից այսպես Հայաստան է ասելու ազգությամբ ռուս Իրինա Զախարովան։

Զախարովային ընտրել ու թագադրել են Մոսկվայում: Ըստ ֆեյսբուքյան լուսանկարների՝ նախընտրական փուլին 15 գեղեցկուհի է մասնակցել, նրանցից միայն հինգն են ազգությամբ հայ։

«Հայաստանում ոչ ոք դրա մասին չգիտեր։ Ես չգիտեմ՝ ռուսաստանաբնակ հայ աղջիկներն ինչպես են մասնակցել, բայց ես ոլորտին որպես ակտիվ հետևող մարդ, չգիտեի, որ կա մրցույթ»․ Մոնիկան զայրացած գեղեցկուհիներից միակը չէ։ Հայաստանում տիտղոսակիր աղջիկներն ու ոլորտով հետաքրքրվածներից շատերը հարցեր ունեն։

«Հայաստանաբնակ աղջիկները էնքան քիչ հնարավորություններ ունեն, որ տպավորություն է՝ էս էղած հնարավորությունն էլ իրենցից խլել են։ Խլել են մի հնարավորություն, որն իսկապես իրենցն է՝ սեփական ազգի անունից ներկայանալը, սեփական դրոշի տակ ներկայանալը, Հայաստանում գեղեցիկի ինչ-որ տարբերակ աշխարհին ներկայացնելը», - ասում է Զառան։

«Միսս տիեզերք»-ը աշխարհում ամենահին՝ ավելի քան յոթանասուն տարի անցկացվող ու ամենադիտվող գեղեցկության մրցույթներից է, որի կազմակերպման իրավունքը 1996-ից 2015 թվականներին պատկանում էր Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Երկու տարի առաջ ստուգատեսի հեղինակային իրավունքը քսան միլիոն դոլարով գնեց թայլանդացի միլիարդատեր Anne Jakapong Jakrajutatip-ը։ Գործարքից մեկ տարի անց, սակայն, նրա ընկերությունը սնանկության հայտ ներկայացրեց դատարան։ Ճիշտ այդ ժամանակ էլ սկսեցին փոխվել մրցույթի անցկացման պայմաններն ու պահանջները։

Արդյունքում, որոշ երկրների, օրինակ՝ Գանայի, Բելիզի, Մավրիտանիայի ազգային կազմակերպիչները խզեցին կապերը մրցույթի հետ, Հայաստանի դեպքում էլ ի հայտ եկավ նոր կազմակերպիչ։

Հունիսին ռուսական մեդիան հաղորդեց, թե Հայաստանում և Էստոնիայում մրցույթը կազմակերպելու իրավունքը տրվել է ռուսական ամսագրերի առաջին էջերում հաճախ հայտնվող գեղեցկուհի Յուլիա Պավլիկովային։

«Միսս Տիեզերք»-ում իմ բեմելից հետո կազմակերպիչներն իմ մեջ տեսան ոչ միայն մոդել, այլև հաջողակ ղեկավարի՝ մեծ փորձով ու ներուժով։ Որոշեցինք սկսել Հայաստանից ու Էստոնիայից, քանի որ ես այնտեղ ծանոթներ ու գործընկերներ ունեմ արդյունավետ համագործակցության համար», - ասում է Պավլիկովան։

«Միսս Տիեզերք»-ի շուրջ անցած տարվանից սկսված աղմկահարույց վեճերը, մինչդեռ, վկայում են, որ մրցույթի ներկայիս կազմակերպիչները նախ և առաջ փողն են գնահատում։

Մանրամասները՝ տեսանյութում