Միշուստինը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հետ

Դեկտեմբերի 12-ին և 13-ին Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպումները՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Միշուստինը ԱՊՀ երկրների վարչապետերի հետ կքննարկի արևմտյան պատժամիջոցների ֆոնին փոխադարձ առևտրի զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար համագործակցության հարցեր։ Իսկ ԵԱՏՄ գործընկերների հետ հանդիպման օրակարգում նաև տնտեսական ինտեգրման խորացման հարցեր են։

Ակնկալվում է հաստատել ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության ոլորտում 2025-2026 թվականների առաջնահերթ գործունեության պլանը։

Նիստերին հայկական կողմի մասնակցության մասին պաշտոնապես դեռ չի հաղորդվել։

Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին որոշում է ընդունել համաձայն որի, ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 11-ից 13-ը Մոսկվա կգործուղվեն, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսում Հայաստանի դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել է, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, նույն տնտեսական գոտում է գտնվում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կկայանա ամսվա վերջին. Փաշինյանը կմեկնի՞ Սանկտ Պետերբուրգ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը Մոսկվայում «ոտքի վրա զրույց են ունեցել»