ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը։
Ջուշուա Հաքը և Արարատ Միրզոյանը քննարկել են տարածաշրջանային հարցեր. արտգործնախարարը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը:
Ամերիկացի պաշտոնյան երեկ էլ Բաքվում էր, հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Ջեյհուն Բայրամովը կրկնել էր Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջը։ Երևանը Սահմանադրությունը փոխելու պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։ Բաքուն նաև մերժում է խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու հայկական կողմի առաջարկը։
Ջուշու Հաքը և Արարատ Միրզոյանն այսօր, ըստ ԱԳՆ հաղորդագրության, ընդգծել են նաև ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում «նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը»:
«Մեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով, համալրվում նոր բովանդակությամբ՝ կառուցվելով ռազմավարական երկխոսության վրա, և մենք շահագրգռված ենք շարունակել ակտիվ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով», - ասել է Արարատ Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամով․ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը վերահաստատեց պատրաստակամությունը՝ ստորագրել համաձայնեցված դրույթներն «առաջիկա հնարավոր ժամկետում»