Միրզոյանը մեկնում է Մալթա, Բայրամովի հետ «պլանավորված հանդիպում չկա»

Արտգործնախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Դեկտեմբերի 4-ից 5-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Մալթա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա։

Մալթայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը ներկա է լինելու նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերին Ստամբուլում՝ «3+3»-ի շրջանակներում։ Հոկտեմբերի 18-ին երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվեցին շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ։

Իսկ այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում, տեղի էր ունեցել Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Կողմերը համաձայնել էին ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

Արտգործնախարարները ամերիկյան հարթակում բանակցել էին նաև այս տարվա հուլիսի սկզբին։ Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության։

Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։

Երևանը նոյեմբերի 5-ին է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ նրա, այն պատրաստ կլինի ստորագրման։ 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված: Բաքվից էլ նշել են, որ դրանցից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Երևանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանց իսկությունը։ Հայաստանի իշխանությունից վստահեցնում են՝ բանակցություններում դրական զարգացումներ կան, և ավելի քան երկու տարվա քննարկումներից հետո պայմանագիր կնքելու հնարավորություն են տեսնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչ այս տարեվերջ կախված է Հայաստանից
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից. արձագանքներ