Միրզոյանը և Մուստաֆան ստորագրել են ՀՀ-ի և Պաղեստինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կոմյունիկե

Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ:

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Մուստաֆան մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։

Կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։

Հայաստանի Հանրապետությունը հունիսին ճանաչեց Պաղեստինի պետությունը՝ շեշտելով՝ Երևանը վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին։

Հայաստանի որոշմանը Իսրայելն արձագանքեց կոշտ քննադատությամբ, Պաղեստինը՝ շնորհակալությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը. Պաղեստինը շնորհակալ է, Իսրայելը քննադատում է