Բաքուն Միրզոյանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ

Վարշավայի ֆորումում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի «իրականացրած ապատեղեկատվությունը, քարոզչությունը և մանիպուլյացիաները հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելու նպատակ ունեն», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Վարշավայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարություններին։

Նա Միրզոյանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ:

«Միջազգային հանրությանը մոլորեցնելու փոխարեն, տեղին կլիներ, եթե նախարար Միրզոյանը բացատրեր, թե ինչու է այդքան լռում Հայաստանի ռազմական ագրեսիայի և Ադրբեջանի տարածքների շուրջ 30 տարի օկուպացիայի մասին: Չնայած իր միջազգային պարտավորությանը, ինչո՞ւ էր Հայաստանը հրաժարվել Ադրբեջանից դուրս բերել իր ավելի քան 10 հազար զինված ուժերը, քանի դեռ Ադրբեջանը չէր սկսել դա անել 2023 թվականին», - X-ում գրել է Հաջիզադեն՝ շարունակելով․ - «Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես հարձակում «խաղաղ» հայ բնակիչների վրա, իրականում հակաահաբեկչական միջոցառումներ էին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համահունչ՝ «ինքնիշխան տարածքում ապօրինաբար տեղակայված հայկական զինված կազմավորումների զինաթափում»:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Միրզոյանը, Վարշավայում, մասնավորապես, ասել է, որ չնայած մարտահրավերներին, լարվածությանը, Հայաստանի տարածքների վրա հարձակումներին՝ վերջին 2-3 տարում հսկայական աշխատանք է կատարվել՝ շեշտելով՝ հայկական կողմը բանակցություններում շատ կառուցողական է, ընդգծելով նաև, որ ադրբեջանական կողմից քաղաքական կամք չի տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Նա նաև ֆորումի մասնակիցներին է փոխանցել հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում:

Միրզոյանը նկատել է՝ նորանոր պահանջներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հիշեցրել է, որ Երևանն աջակցել է Բաքվին հյուրընկալելու COP29-ը, ուստի հիմա ճիշտ ժամանակն է՝ փակելու հակամարտության էջը։

Ռազմական նոր գործողությունների մասին Երևանի մտահոգությանը Հաջիզադեն չի անդրադարձել, փոխարենը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու մեջ։

«Հայկական կողմը պետք է հրաժարվի նման վտանգավոր մարտավարությունից և ընտրի բանականության ու օրենքի ճանապարհը։ Արկածախնդրության մեջ մտնելը հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտը», - գրել է Հաջիզադեն։

Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։

Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։

Օրերս Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը. վարչապետ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը թվարկեց խաղաղության պայմանագրի տեքստի կետերից մի քանիսը