Երևանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը համաձայն չէ Մինսկի խմբի լուծարմանը։
«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Արտգործնախարարությունից՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի և Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։
Այս հարցերին Արտգործնախարարությունը մեկ նախադասությամբ է պատասխանել․ - «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արմեն Խաչատրյանն էր հակադարձել Ալիևին՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրված լինի։
«Ես կարծում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի այն ժամանակ, երբ կլինի խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ բոլոր հարցերը լուծված կլինեն, պայմանագիրը ստորագրված կլինի։ Այ նոր այդ ժամանակ կարելի է քննարկել այդ հարցը, հիմա միանշանակ տեղին չէ այդ հարցի քննարկումը», - ասել էր Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս է ստեղծվել և ի՞նչ է արել ԵԱՀԿ Մինսկի խումբը