Մինչ ԵՄ-ին անդամակցելու համար ստորագրությունները պատրաստ են, ընդդիմությունը պնդում է՝ ՀՀ-ն Եվրոպայից հեռացել է

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարան մտցնելու համար ստորագրությունները պատրաստ են:

Անհրաժեշտ 50 հազարի փոխարեն ժամանակից շուտ 60 հազար ձևաթուղթ են «Եվրաքվե» նախաձեռության անդամները 4 տուփով ներկայացրել ԿԸՀ: Ստորագրությունները հավաքելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն էր:

«Այս առումով, եթե չլիներ հանրաքվեն, ապա Հայաստանի եվրաինտեգրման խոսույթը կմնար զուտ օդի մեջ: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ այդ գործողությունը կատարեցինք, և սա ևս մի փաստարկ է, որը Հայաստանի իշխանությունները կարող են օգտագործել, եթե ճիշտ կգնահատեն վերջին օրերի փոփոխությունները՝ Միացյալ Նահանգների նոր նախագահի ներկայությունը քաղաքական դաշտում», - ասում է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Գնդակն իշխանության դաշտում է, ավելացրեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «50 հազար ստորագրությունը 30 օրում հնարավոր է հավաքվի». արևմտամետ ուժերի ներկայացուցիչները Գյումրիում էին

Իշխող մեծամասնությունը դեռ չի շտապում «Եվրաքվեին» «այո» կամ «ոչ» ասել։ Երբ նախագիծն Ազգային ժողով մտնի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքննարկի ու կորոշի, նշեց իշխող ուժի անդամ Արման Եղոյանը:

«Փաստարկները կլսենք, որևէ որոշում չեմ կարող անոնսել այս պահին, ամեն դեպքում 60 հազար քաղաքացիների ձայնը բավականին ծանրակշիռ ձայն է, և այն պետք է պատշաճ կերպով քննարկվի», - հավելեց նա։

Եվրոպական միությունը համաձա՞յն է, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ՝ Ազգային ժողովում մեծությամբ 2-րդ ուժի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցադրումն է: Պատգամավորը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական խորհրդարանում արված հայտարարությունը, թե «ՀՀ-ն պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»:

«Դրան ի պատասխան այս տարի ապրիլի 5-ին ԵՄ-ն ասաց, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել ՍԵՊԱ-ի հիման վրա: Այսինքն՝ իրենք ասել են, որ սա մեր հարաբերությունների գոնե ՍԵՊԱ-ն է լինելու, այն կողմից նման ազդակ չկա: Ստեղից դու դա անում ես, բա ամոթ չի՞», - շեշտեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ ձգտող ուժերը դիմեցին ԿԸՀ՝ ստորագրահավաքի հնարավորություն ստանալու

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունում էլ դեռ քննարկում չի եղել, նախագծի քննարկմանը մասնակցության հետ կապված վերջնական որոշում չկա: Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, սակայն, նախագծի որոշակի կետերի վրա ուշադրություն հրավիրեց:

«Առաջինը, որ մենք ճիշտ չենք համարում օրենսդրական մակարդակով ՀՀ արտաքին քաղաքականության ազատությունների սահմանափակումը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում՝ փոքր և մեծ իմաստով: Ինձ համար անհասկանալի է ՀՀ արտաքին քաղաքականությունը խուսանավելու հնարավորությունից զրկելը», - ասաց Մամիջանյանը։

Տիգրան Խզմալյանը, որ անվերապահ հավատում էր ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի պարտությանը, գիտի, որ Թրամփի հաղթանակով իրավիճակն Արևմուտքում կփոխվի, բայց հիշեցրեց, որ մինչև 2030 թվականը ԵՄ-ն ընդլայնման ծրագիր ունի. - «Այո, Եվրոպան նույնպես կփակվի, ինչպես փակվելու է Միացյալ Նահանգները, բայց դա չի նշանակում, որ Եվրոպան փակվելու է մեզ համար: Հատուկ հիմարություն է պետք, որ չհասկանաք, որ մենք ունենք հնարավորություն, որն, օրինակ, վերջին պահին օգտագործեց Մոդլովան, որը հասցրեց թռնել գնացքի մեջ, որն արդեն շարժվում է»։

Հայաստանը դեռ այդ գնացքում չէ, բայց ժամանակ ունի, կարծում է Խզմալյանը։

Իշխանական պատգամավոր Արման Եղոյանը հայտարարում է՝ Հայաստանը հատկապես վերջին տարիներին ԵՄ-ի հետ հարաբերությունները միայն խորացրել է:

«Քաղաքական իմաստով, եթե նայենք, ՀՀ-ն նոր չի, որ սերտացնում է իր հարաբերությունները, կուզեք կոչեք դա ճանապարհ դեպի Եվրոպա, կուզեք այլ կերպ կոչեք, բայց մեր հարաբերությունները գնալով խորանում են, և դա փաստ է, և հատկապես վերջին տարիներին աննախադեպորեն խորացել են և շարունակում են խորանալ, քանի որ բազմաթիվ ոլորտներում ունենք համընկնող շահեր», - նշեց Եղոյանը։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կուսակից Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ Հայաստանը եվրոպական քաղաքական ընտանիքին մոտեցրել է հենց իրենց քաղաքական առաջնորդը, քանի որ գործող իշխանությունը ԵՄ-ի հետ գործակցությունը շարունակում է Հանրապետականի օրոք ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սարգսյանը չի կարծում, թե ԵՄ անդամակցության հանրաքվեի առաջարկը ՀՀ իշխանությունը մերժել է

«Եթե ինչ-որ քաղաքական ուժեր Եվրոպայից աջակցություն ֆինանսավորում կամ օրիգինալ երևալու համար մի բան են անցկացնում, դա չի նշանակում, որ դա լուրջ է, եթե էն կողմից մի ազդակ ստանայինք գոնե, դա ուրիշ բան է, այս իշխանությունների օրոք մենք Եվրոպայից հեռացել ենք», - հավելեց Արթուր Խաչատրյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում, կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները։ Այդ գործընթացը կարող է իրականացվել նոյեմբերի 14-ից հետո՝ օրենքի պահանջն է, քանի որ այս օրերին ևս ՀՀ քաղաքացիները կարող են սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով միանալ նախաձեռնությանը։

Եթե խորհրդարանը մերժի նախագիծը, «Եվրաքվեի» անդամները խոստանում են՝ կանգ չեն առնի ու կհավաքեն հանրաքվե անցկացնեու համար անհրաժեշտ 300 հազար ստորագրությունը: