Արդարադատության նախարարն այսօր հրաժարականի դիմում է գրել։ «Ես էլ որոշեցի միանալ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավքին», - ֆեյսուբքյան էջում գրել է Գրիգոր Մինասյանը։
«Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ», - նշել է Մինասյանը:
Թե ովքեր են այդ իշխանական պատգամավորները, որոնց հետ համագործակցությունը դրական չէ։ Գրիգոր Մինասյանն անուններ չի հրապարակել։ Եվ չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի դրական ասելով, ինչ հարցերի շուրջ է, որ հակասություններ են ունեցել, ինչից են դժգոհ այդ երկու տասնյակ պատգամավորները։
«Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում», - ընդգծել է նա:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանի թիմակիցները իր նշանակած նախարարի՝ Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաք են սկսել, որ քննարկեն նրա պաշտոնանկության հարցը։ Մինչ իշխանական պատգամավորների քննարկումը կլիներ, արդարադատության նախարարն իր կամքով գրեց դիմումը։ Նրա դեմ դուրս եկած պատգամավորներից են Անդրանիկ Քոչարյանը, Հովիկ Աղազարյանը, Լուսինե Բադալյանը, Արփի Դավոյանը։ Ի՞նչ է արել կամ չի արել Գրիգոր Մինասյանը, որ նրա պաշտոնանկության հարցը իշխող թիմի համար հրատապ է դարձել։ Խորհրդարանից ուղիղ չեն ասում։ Լուսինե Բադալյանն էլ կոնկրետ օրինակ չի նշում։
«Անընդհատ բոլորը խոսում են այն մասին, որ երկում արդարադատությունը կաղում է, որ վերջին երկու տարվա ընթացքում մենք մեր առջև դրված բոլոր խոստումներն ու խնդիրները չենք կարողացել իրականացնել», - նշեց Լուսինե Բադալյանը:
Բադալյանն ասում է՝ ուզում է ժողովրդի ձայնը լինել ու հանրությունը ինչից դժգոհ է, ինքն էլ դրա մասին բարձրաձայնի։ Իսկ ժողովուրդը իրենց կուսակցական նախարարներից, որոնք ուղիղ կապ ունեն Հայաստանի անվտանգության հետ, կամ հենց վարչապետ Փաշինյանից դժգոհ չե՞ն։ Վարչապետի ու իր կուսակիցների ղեկավարած ոլորտների բացթողումների մասին պատրա՞ստ է խոսել։
«Գրիգոր Մինասյանը բացարձակ, ինձ համար, չի տարբերվում կառավարության մնացած անդամներից, որոնց ես ունեմ հարցեր», - ասաց նա:
Լրագրողների հարցին՝ «Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ևս պահանջելո՞ւ է, որովհետև 2021 թվականին նա վարչապետ դարձավ անվտանգային խոստումներով և դրանք հիմա կյանքի չեն կոչվել», Լուսինե Բադալյանը պատասխանեց. - «Իհարկե, ոչ»:
Պատգամավորների ստորագրահավաքին նախորդել էր մի աղմկոտ նշանակում։ Գրիգոր Մինասյանը փոխնախարարի պաշտոնում նշանակել էր Սիրվարդ Գևորգյանին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գիրքը ձեռքին նրա դստեր հետ լուսանկար ուներ։ Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր հենց այս փաստից էլ դժգոհ արշավ սկսեցին նորանշանակի դեմ, ու նա օրեր անց հրաժարականի դիմում գրեց։
«Կային բաներ, որ իմ համար էին անհասկանալի, ոօրինակ, վերջին նշականում իմ համար, որպես մարդու, ով քաղաքական լայն գործունեությամբ է զբաղվում, ես չէի կարողանալու և չեմ կարողանալու նմանատիպ քայլերը մոր ընտրողներին բացատրել», - ասաց Ալեն Սիմնոյանը:
Նախարարի հրաժարականի մասին խոսելիս Ազգային ժողովի խոսնակն էլ շեշտեց՝ այս նշանակումն իր համար անհասկանալի էր։ Իսկ արդարադատության ոլորտում ի՞նչն է անհանգստացնում իրեն, խորհրդարանի խոսնակը կոնկրետ խնդիրներից չխոսեց։
«Մենք պետք է նաև նայենք՝ արդարադատության ոլորտում մենք ինչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունենք: Ես ձեռքբերումների համար շնորհակալ եմ, էն հարցերի համար, որը ձեր գործընկերները տալիս են ու որոնց ես փորձում եմ պատասխանել ու որոնք մինչև վերջ արված չեն, ես դրանցից դժգոհ եմ», - ընդգծեց Սիմոնյանը:
Գրիգոր Մինասյանի նշանակումից մոտ երկու տարի անց ՔՊ-ականներից Հովիկ Աղազարյանը հիշել է, որ նա նախկինների հետ է կապված։ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ծանր հանցանքների համար հետախուզվող Միքայել Մինասյանի եղբայրն է։ Աղազարյանի թիմակիցներից Արփի Դավոյանը կարծում է, որ այս պաշտոնը թիմի անդամ պետք է զբաղեցնի։ Հիմա Գրիգոր Մինասյանին հեռացնելու պատճառը կուսակցական չլինե՞լն է, թե՞ կոնկրետ համակարգային թերացումը։ Դավոյանը ուղիղ չի ասում։
Թե ով է փոխարինելու Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնում, դեռ հայտնի չէ։