Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով քննարկում անցկացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները փոխանցվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարությանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
ՔՊ-ական պատգամավորը Գրիգոր Մինասյանի երեկվա մեկնաբանությունն էլ որակեց սահմանադրական կարգի դեմ քայլ, որի վերաբերյալ պետք է տրվեն պարզաբանումներ։
Երկու օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ ստորագրահավաք են սկսել՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար: Թե ինչից են հատկապես դժգոհ իշխանական պատգամավորները, ՔՊ-ականները չեն նշում, միայն կցկտուր խոսում են Մինասյանի կադրային քաղաքականությունից:
Մոտ 20 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության փոխնախարար էր նշանակվել Սիրվարդ Գրիգորյանը։ Երեկ նա հայտարարեց իր հրաժարականի մասին: Նրա նշանակումից անմիջապես հետո համացանցում նրա լուսանկարն էր տարածվել երկրորդ նախագահի դստեր հետ, Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքն էլ՝ ձեռքին:
Գևորգյանը Ֆեյսբուքում պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ երկրորդ նախագահի հետ կապ չունի։ «Խարդավանքները հաղթեցին բանականությանը: [...] Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ», - նշել էր Գևորգյանը:
Գրիգոր Մինասյանն էլ անդրադառնալով նորանշանակ փոխնախարարի հրաժարականին՝ Ֆեյսբուքում գրել էր, թե վերջին օրերին բազմաթիվ անգամներ է խնդրել Գևորգյանին հրաժարական չտալ: «Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը», - գրել էր Մինասյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստորագրահավաքը ՔՊ-ում շարունակվում է, Մինասյանը չի արձագանքում իր պաշտոնանկության նախաձեռնությանը