Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին Լիբանանից կա՛մ տարհանում են, կա՛մ երկիրը լքելու կոչ անում

Լիբանան, 2-ը հոկտեմբերի, 2024թ․

Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին տարհանելու մասին են հայտարարում, կամ Լիբանանը լքելու կոչեր հնչեցնում։

Associated Press-ը, վկայակոչելով Չինաստանի պաշտոնական «Սինհուա» լրատվական գործակալությունը, հաղորդել է, որ Չինաստանի 146 քաղաքացիներ և նրանց ընտանիքի հինգ անդամները Լիբանանից չարտերային չվերթով այսօր ժամանել են Պեկին։ Լիբանանում Չինաստանի դեսպանատունը կշարունակի իր գործունեությունը։

Քաղաքացիներին տարհանելու մասին հայտարարել են նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բուլղարիան։

Հնդկաստանն էլ իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իրան մեկնելուց։ Հնդկաստանի արտգործնախարարությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է զգոն լինել ու կապ պահել Թեհանում իրենց դեսպանության հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի շտապում Լիբանանից տարհանում իրականացնել

Երեկ ուշ երեկոյան իսրայելական կողմը հայտարարեց՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ավելի ուշ հստակեցնելով՝ մոտ 180 հրթիռ է արձակվել։

Իրանի ղեկավարությունը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլահ»-ի առաջնորդների սպանության համար:

Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար», երեկ ուշ երեկոյան, կառավարության նիստի ժամանակ,հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով․ - «Մենք հավատարիմ կմնանք մեր հաստատած կանոններին՝ «ով մեզ վրա հարձակվի, մենք էլ նրա վրա կհարձակվենք»։

Իրանն այսօր հայտարարարել է Իսրայելի վրա հարձակումն ավարտելու մասին։

«Մեր գործողությունները կավարտվեն, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա պատասխան գործողություններ հրահրել: Այս դեպքում, սակայն, մեր պատասխանն ավելի ուժեղ և հզոր կլինի»,- X-ի իր ուղերձում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարարել է Իսրայելի վրա հարձակումն ավարտելու մասին