Տաքսու վարորդները բողոքում են նոր կարգավորումների դեմ, որոնցով ամեն պատվերից իրենց եկամտի 1.5-ից 2 տոկոսը պետք է որպես տուրք վճարեն պետբյուջե։ Փոփոխությունը, որ տարածվում է թե՛ անհատ, թե՛ օնլայն հարթակների վարորդների վրա, երեկվանից է ուժի մեջ մտել։
Հիմա, օրինակ, տաքսու վարորդները 1000-դրամանոց ուղևորությունից՝ անկանխիկի դեպքում՝ 15, կանխիկի դեպքում՝ 20 դրամ են վճարելու պետությանը։ Սրան ավելանում են Yandex-ի ու մյուս ընկերությունների՝ մինչև 20 և ավելի տոկոսի հասնող մասնաբաժինը, վառելիքի ու պահեստամասերի ծախսը։ Արդյունքում, ասում են, իրենց չնչին գումար է մնում։ Ընդ որում՝ պետության տուրքը առաջիկա տարիներին ավելանալու է։ Երկու տարի անց՝ 2026-ին, մասնավորապես, վարորդները ստիպված կլինեն այսօրվանից կրկնակի շատ՝ մինչև 5 տոկոս փոխանցել պետբյուջե։
«Հավելյալ առանցքային խնդիր է առաջանալու, ոչ թե որ մենք խնդիր ենք համարում պետությանը հարկ վճարելը, այլ էդ խնդիրների կողքին ավելանա ևս մի խնդիր՝ առանց որևէ կարգավորման կամ վերահսկողության. օպերատորների մասին է խոսքը», - «Ազատությանն» ասաց այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքված վարորդներից մեկը:
«Վարչապետը ունի Կառավարության նիստ, հուսով ենք, որ կընդունի մեզ գոնե 20 րոպեով: Երբ որ ինքը իմանա էս խնդիրների մասին, համոզված եմ, որ կասեցնելու է ժամանակավորապես, շեշտեմ՝ ժամանակավորապես կասեցնելու է, լուծելու է էդ խնդիրները, էդ հարցերը, որ խելամիտ միջնորդավճար լինի», - նշեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Անհատ տաքսու վարորդներն էլ երեկվանից պետք է Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հավելվածը ներբեռնեին իրենց հեռախոսներում՝ պետությանը տուրք վճարելու համար։ Բայց «Ազատությանը» հանդիպած վարորդներից շատերը չէին էլ լսել հավելվածի անունը, չգիտեին՝ ինչպես պետք է այն ներբեռնել։ Ոմանք էլ պարզապես սմարթֆոններ չունեն:
«Չգիտենք, ուղղակի, հիմա ո՞ւմ գնանք դիմենք՝ ՊԵԿ գնանք, չգիտեմ, Պետռեգիստր գնանք. կոնկրետ ո՛չ հեռուստացույցով, ո՛չ ... վերացական, թռուցիկ, մակերեսորեն ասում են, որ օրենքը մտել է ուժի մեջ, կարևորը՝ հիշեցնում են տուգանքների չափը՝ 200 հազար, 500 հազար», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց մի անհատ տաքսու վարորդ:
«Կարելի է պարզեցված ձևով անեն, որ ժողովրդին հասկանալի լինի: Նենց են արել, որ էդ ժողովուրդը չքշեն, տուգանվեն՝ 200 հազար դնեն վզներին, փաթաթեն, խեղդվեն էդ ժողովուրդը», - ասաց մյուսը:
«Կտրոնային սարքեք, թող մտնի՝ իրա տեխպասպորտով, պրավայով, թեկուզ «Հայփոստ»-ում, մտցնեն Ճանապարհային ոստիկանության սայթ, կտրոնը վերցնեն, իրա 6 հազար դրամը ուղիղ պետբյուջեի հաշվի համարի վրա գնա, որ ոչ մեկի ձեռքը չկպնի էդ փողին», - ասաց երրորդը:
Թեև որոշումը դեռ անցած տարեվերջին է ընդունվել և երեկվանից արդեն ուժի մեջ մտել՝ համակարգն այսօր լիովին գործարկման պատրաստ չէ։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են՝ տաքսու անհատ վարորդների համար նախատեսված նոր հավելվածը՝ My tax Armenia-ն այս պահին հասանելի է միայն Iphone-ների համար, բայց ոչ` Android-ից օգտվողների։ Ըստ ՊԵԿ-ի՝ հավելվածը ներկայացվել է Google ընկերությանը և դեռ անցնում է հաստատման փուլը։
Այսօր Կառավարությունից լսեցին վարորդներին, հորդորեցին հարցերը գրավոր ուղղել։
Երեկոյան ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասված է. - «Սեպտեմբերի 2-ի դրությամբ արդեն իսկ էլեկտրոնային հարթակով 20 հազար քաղաքացի պարզեցված ընթացակարգով գրանցվել է հարկային մարմնում։ Էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ և անկանխիկ գործարքներով, վերջին տվյալներով 10 հազար վարորդի կողմից գեներացվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ մոտ 192 մլն դրամի չափով»։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը պնդել էր, թե բոլորը պետք է աշխատեն հարկային դաշտում. - «Ոչ մեկ չի ասել, որ տաքսու վճարված գումարը չպետք է հարկվի, տենց բան չկա»:
Ընդդիմախոսները, մինչդեռ, հիշեցնում են, որ 2018-ի հեղափոխությունից ամիսներ անց՝ ֆեյսբուքյան եթերով Փաշինյանը խոստացել էր անհատ տաքսու վարորդներին ազատել բոլոր տեսակի հարկերից:
«Կարծես թե մենք մի շատ լավ որոշման ենք հանգում անհատ տաքսիների վարորդների համար, և մենք քննարկում ենք և շատ մոտ ենք այդ որոշմանը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում և բնականաբար նաև Երևանում կարծես թե անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից: Այսինքն՝ նրանք, ըստ էության, հարկ չեն վճարի և ազատ կգործեն: Խոսքը անհատ տաքսիների մասին է, և, ըստ էության, կարծում եմ, սա շատ կարևոր որոշում է, որովհետև այն ունի նաև սոցիալական նշանակություն», - հայտարարել էր վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հայոց հարցը սաղ լուծել են, կպել են տաքսիստների՞ն». տասն օրից տաքսու վարորդները կսկսեն հարկեր վճարելՏաքսիստները դժգոհում են սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումներից