Ռուսաստանի դեսպանին Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է. ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է, «Ազատության»-ն ասաց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

«Մեկնաբանություն չունենք», - նշեց նա։

Այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն էր հայտնել Սերգեյ Կոպիրկինի՝ խորհրդակցությունների Մոսկվա կանչելու մասին առանց այլ մանրամասների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների
  • Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են, դա տեղի է ունեցել հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
  • Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։
  • Այս ամիս էլ նախագահ Պուտինի խոսնակը հաստատել էր, որ մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում համաձայնեցվել է Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին։