Մեծ Բրիտանիայի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Քիր Սթարմերը ժամանում է Կիև, 16-ը հունվարի, 2025թ․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հինգշաբթի չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։ Սա նրա առաջին այցն է Կիև՝ պաշտոնը 2024-ի հուլիսին ստանձնելուց հետո։

BBC- նշում է, որ Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում կստորագրեն «100-ամյա գործընկերության» պայմանագիր, որն ընդգրկում է այդ թվում՝ պաշտպանության, էներգետիկ ոլորտները։

Ընդգծելով, որ Ուկրաինայի ամենամեծ ռազմական աջակիցներից մեկը՝ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո 16 միլիարդ դոլարի օգնություն է խոստացել Ուկրաինային և ավելի քան 50 հազար ուկրաինացի զինվոր վարժեցրել բրիտանական տարածքում՝ BBC-ն նշում է, որ Սթարմերը կհայտարարի ևս 49 միլիոն դոլարի աջակցության մասին՝ Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար:

Խորն անորոշություն կա Ուկրաինային ամերիկյան հետագա աջակցության վերաբերյալ, երբ Թրամփը ստանձնի պաշտոնը հունվարի 20-ին: ԱՄՆ նորընտիր նախագահը հրաժարվում է Կիևին օգնությունից՝ նշելով, որ ցանկանում է շուտափույթ ավարտին հասցնել պատերազմը և պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կիևի դաշնակիցներն էլ շտապում են մեծացնել Ուկրաինային աջակցությունը մինչև Թրամփի երդմնակալությունը՝ պատերազմի ավարտի շուրջ հնարավոր բանակցությունների համար Ուկրաինայի դիրքերն ուժեղացնելու նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը ստիպված կլինեն զիջումների գնալ․ Ռուբիո