Հայաստանը շնորհավորանքներ է ստանում Անկախության տոնի առթիվ

Լուսանկարը՝ Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջից

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

«Ես կարևորում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ խնդիրների շուրջ՝ լինի դա խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն», - նշել է նա։

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ում հայերենով գրառմամբ է շնորհավորել. «Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ»։

«Ձեր ուժեղ ղեկավարության ներքո Հայաստանը, իրականացնելով կարևոր քաղաքական բարեփոխումներ և սոցիալ-տնտեսական վերափոխումներ, մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում», - վարչապետ Փաշինյանին ուղղված ուղերձում նշել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան ապահովել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ գործընկերության լիարժեք զարգացումը։

Հայաստանն այսօր տոնում է Անկախության 33-րդ տարեդարձը։