Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և չորս այլ պաշտոնյաների պատժամիջոցների ցուցակում ներառելու իրենց որոշման մասին։

«Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար»,- ասվում է բրիտանական կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։

Գոմելաուրիից բացի, պատժամիջոցների են ենթարկվել վերջինիս տեղակալը, Թբիլիսիի ոստիկանապետը, Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրենն ու նրա տեղակալը։ Միացյալ Թագավորության կառավարությունը նշում է, որ Վրաստանի իշխանությունները սկսել են համակարգված ճնշումներ ցուցարարների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և ընդդիմության նկատմամբ, որոնք պայքարում են «Վրացական երազանքի» հակաեվրոպական որոշումների դեմ։ Համաձայն բրիտանական իշխանությունների հայտարարության՝ պատժամիջները ներառում են Մեծ Բրիտանիա մուտքի արգելք և ակտիվների սառեցում: