Բրիտանական կողմը որոշել է կասեցնել Վրաստանի հետ երկխոսությունը նախարարների մակարդակով, չեղարկվել են բարձր մակարդակի բանակցությունները պաշտպանության նախարարությունների շտաբների միջև և կասեցվել են կիբերանվտանգության նոր ծրագիրը, «Интерпрессньюс»-ին հայտնել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։
Երկխոսությունը սկիզբ է առել 2014 թվականին և կոչվել է 1919-1921 թվականներին Վրաստանում առաջին բրիտանացի գերագույն հանձնակատարի՝ Օլիվեր Ուորդրոպի անունով:
Դեսպանը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո, «անկախ նրանից, թե ով կլինի կառավարությունում», Վրաստանը կվերադառնա արևմտամետ ուղուն, և կողմերի միջև վստահությունը կվերականգնվի։
«Ես ակնկալում էի, որ մենք միասին կաշխատենք՝ ամրապնդելու Վրաստանի դիմադրողականությունը և մեր ընդհանուր բարգավաճումը, սակայն անցած տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունն այլ ուղի ընտրեց, և Թբիլիսիում իմ առաջին ամիսներին ես ստիպված էի հստակ արտահայտել մեր մտահոգությունները՝ կապված ժողովրդավարական հետընթացի և հակաարևմտյան հռետորաբանության հետ: Հուսով եմ, որ Վրաստանի կառավարությունը կփոխի իր մոտեցումները, ինչն ինձ նույնպես լավատեսությունը վերականգնելու հնարավորություն կտա», - հայտարարել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի և Վրաստանի, ինչպես նաև արևմտյան այլ գործընկերների հետ հարաբերությունները «խաթարվել են վրացական կառավարության այս տարվա գործողությունների պատճառով»:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարում է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարևորության մասին՝ հակառակորդներին մեղադրելով երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մեջ։ Ընդդիմությունն իր հերթին իշխանություններին մեղադրում է ռուսամետ լինելու մեջ։
ԵՄ երկրները և ԱՄՆ-ը մեծ աղմուկ հանած «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի ընդունումից և Թբիլիսիի մի շարք այլ որոշումներից հետո սուր քննադատության են ենթարկում վրացական իշխանություններին։ Եվրամիությունը կասեցրեց Վրաստանի ինտեգրման գործընթացը, իսկ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց երկրում «ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատուների» դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում պատկերն ավելի մռայլ է, քան Մոլդովայում․ Բորել