Մերձավոր Արևելքում մոտ մեկ տարվա համակարտության ընթացքում Իսրայելն այսօր վաղ առավոտյան առաջին անգամ ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, հաղորդում է France-Presse գործակալությունը (AFP)՝ վկայակոչելով Լիբանանի անվտանգության ծառայությունների աղբյուրը։
Associated Press-ն էլ նշում է, որ հարվածի հետևանքով բնակելի շենք է վնասվել։
Ըստ AFP-ի՝ շենքը պատկանում է «Հեզբոլա»-ի հետ առնչություն ունեցող «Ալ-Ջամաա ալ-Իսլամիյա» խմբավորման անդամներին։
Ենթադրվում է, որ խմբավորումը զգալի դեր ունի Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև հակամարտությունում։
Ըստ AFP-ի աղբյուրի՝ հարձակման հետևանքով չորս մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։
«Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ»-ը հայտարարել է, որ Բեյրութի վրա հարձակման հետևանքով իր երեք առաջնորդները սպանվել են։ Ըստ AFP-ի՝ սպանվածների թվում է «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ»-ի անվտանգության ղեկավար Մոհամմադ Աբդել-Աալը:
Իսրայելի պաշտպանության բանակը դեռ չի մեկնաբանել հաղորդումները։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին սա իսրայելական առաջին հարվածն էր Բեյրութի կենտրոնին։ Ավելի վաղ հարվածներ էին հասցվում, մասնավորապես, Բեյրութի հարավային ծայրամասերին, որտեղ հիմնականում տեղակայված են «Հեզբոլա»-ի կառույցները։
Սեպտեմբերի 27-ին Բեյրութում մի շարք հարվածների արդյունքում սպանվեց Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան։ «Հեզբոլա»-ն վերահսկում է հարավային Լիբանանի մեծ մասը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ էր «Հեզբոլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նասրալլայի զարմիկը՝ «Հեզբոլա»-ի նոր ղեկավար