«Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների, ընկերների հետ են»․ Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան  Օլիվիե Դըկոտինյի, արխիվ

«Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են», - X-ում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Նա նշել է, որ չորս տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։

Դեսպանը գրառմանը կից «Եռաբլուր»-ից լուսանկար է հրապարակել։

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հրթիռների, հրետանու և այլ ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի, նաև՝ արգելված զենքերի կիրառմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ, առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:

Երկու կողմերը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով Ադրբեջանին անցան նաև Լեռնային Ղարաբաղին հարակից՝ հայկական ուժերի վերահսկած 7 շրջանների մնացյալ տարածքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցն է