«Մենք վրաց ժողովրդի կողքին ենք»․ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր

«Մենք վրաց ժողովրդի կողքին ենք», այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը մտահոգված է Վրաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերից, որոնք հեռացնում են Թբիլիսիին Եվրոպայի հետ ավելի խորն ինտեգրման ճանապարհից՝ նկատելով՝ վրաց ժողովուրդն աջակցում է ԵՄ ինտեգրմանը:

Հարցին, թե ի՞նչն է խանգարում Վաշինգտոնին իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա կամակատարների դեմ պատժամիջոցների մասին հայտարարել, ինչպես արեցին Մերձբալթյան երկրները, Կանադան, Միլլերը պատասխանել է, որ այդ մասին կհայտարարեն, երբ որոշում ունենան՝ հիշեցնելով, որ ԱՄՆ պատժամիջոցներ արդեն սահմանել է Վրաստանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ, վիզային սահմանափակումներ է մտցրել, կասեցրել է Վրաստանի կառավարությանը տրամադրվելիք 95 միլիոն դոլարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիտվան պատժամիջոցներ սահմանեց Իվանիշվիլիի և վրաց 10 պաշտոնյաների դեմ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ

Օրերս Վաշինգտոնը հայտարարեց, որ դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ, ինչպես նաև դատապարտում է ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, ովքեր, ինչպես նշել էր Միլլերը, ձգտում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից, ներառյալ խաղաղ բողոքի ցույցերի ազատությունը:

Վրաստանում արդեն գրեթե մեկ շաբաթ է բողոքի ակցիաներ են, դրանք վերսկսվեցին ընդդեմ «Վրացական երազանք»-ի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ մինչև 2028 թվականը բանակցությունների գործընթացից հրաժարվելու որոշման։ Ցույցերն ուղեկցվում են բախումներով ու ձերբակալություններով։ Ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ են կիրառվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում բողոքի ցույցերի 4-րդ գիշերը ևս անցավ բախումներով ու ձերբակալություններով