Անկարան, բնականաբար, ցանկանում է համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր կնքվի, Էրդողանը, մասնավորապես, պատասխանել է. - «Այդ հարցում որոշում կայացնողն Իլհամ բեյն է, ոչ թե ես։ Բնականաբար, մենք ցանկանում ենք համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք ցանկանում ենք տեսնել այդ հաշտությունը՝ որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամն, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը։ Բլինքենը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության, թեև եռակողմ հանդիպումից հետո ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածության կամ արդյունքի վերաբերյալ այդպես էլ որևէ հայտարարություն չի հնչել։
Երևանն առաջարկել է Բաքվին մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, իսկ Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։
Վերջին շրջանում Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խնդրահարույց համարելով, որ Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։
Երևանը պարբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապակցելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որքանով են մոտ կողմերը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը