«Մենք կշարունակենք մեր ՀՆԱ 2 տոկոսը ծախսել պաշտպանության վրա». Շոլցը մերժել է Թրամփի պահանջը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկուշաբթի օրը մերժել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը, որ Գերմանիան և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները իրենց համախառն ներքին արդյունքի առնվազն 5 տոկոսը տրամադրեն պաշտպանությանը։

«5 տոկոսը տարեկան կկազմի ավելի քան 200 միլիարդ եվրո, մինչդեռ դաշնային բյուջեն նույնիսկ 500 միլիարդ եվրո չի կազմում», - հայտարարել է Շոլցը նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Այնուամենայնիվ Օլաֆ Շոլցը խոստացել է, որ Գերմանիան հավատարիմ կմնա ՆԱՏՕ-ի ներկայիս նպատակին՝ ծախսել ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը: Գերմանիան այդ նշանակետին հասել է միայն անցյալ տարի՝ Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ։

«Ես երաշխավորում եմ, որ մենք կշարունակենք մեր ՀՆԱ 2 տոկոսը ծախսել պաշտպանության վրա», - ասել է Շոլցը։

Գերմանիայի պաշտպանության ծախսերն ավելացել են 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամով, որը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո: Սակայն հասկանալի չէ, թե ինչպես է Գերմանիան երկարաժամկետ կտրվածքով պահպանելու ծախսերի այդ մակարդակը՝ հաշվի առնելով բյուջեի սղությունը և պակասուրդն ավելացնելու դեմ խիստ կանոնները, որոնք ամրագրված են երկրի սահմանադրությամբ: