Այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, այսօր Կազանում BRICS+-ի գագաթնաժողովին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը», - հայտարարեց Հայաստանի ղեկավարը՝ նաև շեշտելով, որ սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը փարատում է բոլոր մտահոգությունները և վերացնում բոլոր փաստարկները՝ մայր օրենքի մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այդ որոշումն արձանագրում է, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։
Ադրբեջանը նաև կտրականապես մերժում է համաձայնեցված կետերը ստորագրել, բանակցությունները չհամաձայնեցվածների մասով շարունակելու Երևանի առաջարկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևն առանձին հանդիպում են անցկացնում